Հայաստանն ու Հնդկաստանն ունեն անվտանգության ոլորտում համագործակցության ներուժ

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Հայաստան ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին, ում հետ քննարկել է նաև անվտանգության ոլորտի համագործակցության հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԽ կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԱԽ քարտուղար Յուրի Խաչատուրովն ու Հնդկաստանի դեսպան Սանգվան Յոգեշվարը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ունեն լայն հնարավորություններ և չօգտագործված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկա­րային մի շարք բնագավառներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:

Հանդիպումն ու հայտարարությունը հատկանշական են այն ֆոնին, որ նոյեմբերին հայտարարություններ եղան Հնդկաստանի թշնամի Պակիստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանավորվածությունների մասին:

Նոյեմբերի 2-ին Պակիստանի առևտրի և ռազմարդյունաբերության նախարարները համատեղ ժողովից հետո հայտարարել էին առաջիկա 5 տարվա ընթացքում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու ծրագրի մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *