ՀԱՊԿ նոր քարտուղարի թեկնածությունը կքննարկվի դեկտեմբերի 26-ին

Դեկտեմբերի վերջին նախատեսվում է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացնել ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հանդիպումը, որի ժամանակ այլ հարցերի հետ քննարկվելու է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այս մասին ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականին հայտնել է ՀԱՊԿ ներկայից գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ըստ պաշտոնյայի՝ նախագահները քննարկելու են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների սահմանների մոտ ՆԱՏՕ-ի սպառազինության և ենթակառուցվածքների տեղակայմանը պատասխանելու և այլ հարցեր:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն իր հերթին պարբերականին տեղեկացրել է, որ գագաթաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 26-ին:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ պաշտոնը ռոտացիայով ղեկավարելու են կազմակերպության անդամ բոլոր պետությունները:

Հոկտեմբերին՝ Երևանում անցկացված ՀԱՊԿ նախորդ գագաթաժողովի ժամանակ, սակայն, կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվեց: Այդ ժամանակ որպես պատճառ նշվեց կազմակերպության անդամ պետություններից մեկի ղեկավարի բացակայությունը (գագաթաժողովին ներկա չէր Ղազախստանի նախագահը՝ հիվանդության պատճառաբանությամբ):

Ավելի ուշ՝ նոյեմբերին, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ նշանակումը չի եղել, քանի որ Հայաստանի առաջարկած թեկնածուի վերաբերյալ կոնսենսուս չի եղել: Քոչարյանը հայտարարեց.

«Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, այդ պատճառով դա հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Լինելու է հատուկ այդ նպատակով հրավիրված նիստ և մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *