Սիրիայում իրանցի զինծառայող է զոհվել

Նոյեմբերի 30-ին  Հալեպում մղվող մարտերի ժամանակ զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Բասիջ» կազմավորման զինծառայող Հոսեին Մեհրաբին: Այս մասին դեկտեմբերի 9-ին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը:

Ըստ  կայքի` Հոսեին Մեհրաբին  Իրանի հյուսիս-արևելյան Գոլբահար քաղաքում տեղակայված «Իմամ Զեյն ալ Աբիդին» ռազմաբազայի զինծառայող էր: Որպես կամավոր Սիրիա է մեկնել 2015 թվականին: Զոհվել է Հալեպի հարավային Շեյխ Սաիդ շրջանում:

Սիրիայում զոհված իրանցի զինծառայող Հոսեին Մեհրաբին

Սիրիայում զոհված իրանցի զինծառայող Հոսեին Մեհրաբին

Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են  զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել:

Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում  Իրանը համագործակցում է նաև Ռուսաստանի հետ: Համագործակցության շրջանակներում Ռուսաստանը  օգտագործել  է Իրանի արևմուտքում գտնվող Համադանի ավիաբազան: ՏՈւ22-Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչները մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:

Նշենք նաև, որ նոյեմբերի կեսերից մինչ օրս Սիրիայի կառավարական և դաշնակից ուժերն ազատագրել են Արևելյան Հալեպի մեծ մասը, Հին Հալեպ թաղամասը և մի շարք այլ շրջաններ: Զինյալները Հալեպում հայտնվել են շրջափակման մեջ՝ բավականին փոքր տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *