Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ ևս 5 զինծառայող

Դեկտեմբերի 8-ին Հալեպից հյուսիս Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների բախումներում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 5 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային Քիլիս և Գազիանթեփ նահանգների հիվանդանոցներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել Ալ-Բաբ բնակավայրի մոտ Թուրքիայի զինուժի հատուկ նշանակության ուժերի գումարտակի դիրքավորման շրջանում, ինչի արդյունքում սպանվել է առնվազն 1, վիրավորվել՝ 6 թուրք զինծառայող:

Նշենք, որ վերջին շրջանում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում ընթացող գործողությունների շրջանակներում: Միայն նոյեմբերի 24-26-ը Թուրքիայի ԶՈւ-ն ունեցել է 5 զինծառայողի կորուստ: Բացի այդ, նոյեմբերի 29-ին Սիրիայում անհետացել է երկրի ԶՈւ 2 զինծառայող, ովքեր, ըստ ԻՊ պնդման, գերի են վերցվել: Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը մեծացնում է Սիրիա ուղարկված ռազմական տեխնիկայի և անձնակազմի թվաքանակը:

Դեկտեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ շուրջ 300 հատուկջոկատային ուղարկվելու Սիրիա, մինչ այդ ուղարկվել են նաև տանկեր, զրահափոխադիրիչներ և այլ ռազմական տեխնիկա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

2 responses to “Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ ևս 5 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 7-ը՝ վիրավորվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *