Թուրքիայի ՊՆ լրտես-արբանյակը դուրս է բերվել ուղեծիր

Դեկտեմբերի 5-ին «Գյոքթյուրք-1» հետախուզական արբանյակը ֆրանսիական Գվիանայի տիեզերական արձակման կայանից «Վեգա» հրթիռ կրիչով դուրս է բերվել ուղեծիր։ Սարքը իտալական և ֆրանսիական ընկերությունները պատրաստել են Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվերով՝ այդ երկրի ԶՈւ կարիքների համար:

Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի ՊՆ «Գյոքթյուրք-1» լրտես-արբանյակ

Թուրքիայի ՊՆ «Գյոքթյուրք-1» լրտես-արբանյակ

«Գյոքթյուրք-1» արբանյակի արտադրությամբ, 2009-ին կնքված պայմանագրով, զբաղվել են իտալական Telespazio ու ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները: Նախագծմանը մասնակցել են նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը, ԹԱԻ, «Ասելսան», «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունները: Արբանյակը հանձնվում է Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերին:

Սարքի զանգվածը շուրջ 1 տոննա է, գործողության ժամկետը՝ մինչև 7 տարի: Աշխատում է միայն արևային մարտկոցների էներգիայով, պետք է տեղակայվի արևասինքրոն ուղեծրում՝ շուրջ 700 կմ բարձրության վրա:

Արևասինքրոն ուղեծրում արբանյակի տեղակայումը թույլ է տալիս երկրի ցանկացած կետի վրա լինել տեղական արևային ժամանակով նույն պահին, սակայն հնարավոր են նաև շեղումներ: Սա հիմնականում օգտագործվում է այն արբանյակների համար, որոնք նախատեսված են երկրի մակերևույթը լուսանկարահանելու, զոնդավորելու համար: «Գյոքթյուրք-1»-ի օպտիկական սարքավորումները թույլ են տալիս լուսանկարահանել երկրի մակերևույթը մինչև շուրջ 80 սմ ճշգրտությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիան իր առաջին հետախուզական արբանյակը՝ Rasat-ը, ուղեծիր է դուրս բերել 2011 թվականին։ 2012-ի դեկտեմբերին Չինաստանի «Ժիուգուան» բազայից արձակվել է «Գյոքթյուրք-2» արբանյակը, որը նույնպես ռազմական բնույթի խնդիրներ է լուծում։

2014-ի փետրվարին ղազախական «Բայկոնուր» տիեզերական արձակման կայանից ռուսաստանյան կրող հրթիռով ուղեծիր էր արձակվել Türksat 4А կապի արբանյակը, որը Թուրքիայի պատվերով պատրաստել էր Ճապոնիան։

Ներկայում նախագծվում է Türksat 6A («Թյուրքսաթ 6Ա») կապի արբանյակը, որը նախատեսվում է տիեզերք բաց թողնել 2017-2018 թթ., իսկ որոշ տեղերում նշվում է նաև 2019 թվականը։

Թուրքիայի ՊՆ «Գյոքթյուրք-1» հետախուզական արբանյակի մակետը

Թուրքիայի ՊՆ «Գյոքթյուրք-1» հետախուզական արբանյակի մակետը

One response to “Թուրքիայի ՊՆ լրտես-արբանյակը դուրս է բերվել ուղեծիր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 4 դեկտեմբեր – 10 դեկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *