Տավուշի դիրքերն ամբողջովին համալրված են տեխնիկական միջոցներով. Զորամասի հրամանատար

Լրագրողների համար Հայաստանի պաշտպանության նախարարության կազմակերպած երկօրյա դասընթացը մեկնարկում է դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան: Դեռ լույսը չբացված՝ մեկնում ենք Տավուշ, որտեղ պիտի այցելենք զորամաս ու դիրքեր:

Զորամասում լրագրողներիս դիմավորում է մարտական հերթապահության մեկնողների տողանը, որը հայտնի երդումից հետո հանդիսավոր երթով դուրս է գալիս շարահրապարակից, ու մինչև լրագրողներիս ցույց են տալիս զորանոցները, մեկնում է առաջնագիծ:

Դիրքեր մեկնող անձնակազմի շարային երթը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Դիրքեր մեկնող անձնակազմի շարային երթը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Հաջորդիվ լրագրողներս ենք մեկնում առաջնագծի դիրքեր, ու հաջողացնում եմ այդ ճանապարհն անցնել զորամասի հրամանատարի մեքենայով: Հենց ճանապարհին էլ գնդապետ Սողոմոն Խաչատրյանի հետ զրուցում են հակառակորդի վարքի, հայկական դիրքերի սպառազինության ու տեխնիկական հագեցվածության մասին:

— Ապրիլի մարտերի ընթացքում և դրանից հետո Տավուշի շրջանում նախկինի պես լարումներ եղե՞լ են:

— Հիմնական սահմանում պիտի չթուլացնես զգոնությունը: Պետք է հետևել հակառակորդի շարժերին՝ հասկանալու համար՝ ինչ է անում, ինչով է զբաղված, ու դրանից ելնելով՝ նախապես պատրաստվել:

— Իսկ հակառակորդն ի՞նչ է անում, ինչի՞ն է պատրաստվում:

— Շինարարական աշխատանքներ է անում կամ տեղափոխություններ է անում. դա առօրյա է հերթապահության մեջ, բայց դիտարկումներով, հետախուզությունով հասկանում ենք իրավիճակը՝ ինչ է ուզում անի:

— Առօրյա գործունեությունից չի շեղվո՞ւմ հակառակորդը:

— Չէի ասի, բայց անընդհատ զգոն լինել է պետք, որպեսզի հասկանանք ինչով են զբաղված: Ի վերջո ինչ-որ բանի նախապատրաստվելը չի կարող աննկատ մնալ:

Գնդապետ Խաչատրյանն իր զորամասի պահպանության տեղամասի դիրքում․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Գնդապետ Խաչատրյանն իր զորամասի պահպանության տեղամասի դիրքում․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

— Ապրիլի մարտերից հետո Արցախում, Պաշտպանության բանակի դիրքերում լուրջ ինժեներական աշխատանքներ եղան: Տավուշի հատվածում ինչ փոփոխություններ եղան այս տեսանկյունից:

— Նախ դրանից առաջ էլ ուժեղացնում, ամրացնում էինք մեր առաջնագիծը, ինչպես նաև մեր կարևոր զինատեսակների բնագծերն ու կրակային դիրքերը: Այս պահին մեր բոլոր դիրքերը պատրաստ կռվող դիրքեր են: Այն զինատեսակները, որ մեզ առաջնահերթ պետք են՝ հիմնականում խոշոր տրամաչափի գնդացիրները, դրանք մշտապես գտնվում են իրենց կրակային դիրքում: Չի հերթափոխվում, չի իջնում դիրքից: Օրինակ ծանր զենքի՝ ԴՇԿ-ի հաշվարկը գնում է, փոխում է մյուս հաշվարկին: Զենքը տեղադրած է, փամփշտի շղթան՝ վրան: Զենքը դուրս չի գալիս, այն միշտ պատրաստ է: Դա կարևոր հանգամանք է:

— Իսկ տեխնիկական համալրո՞ւմ. օրինակ հեռադիտակներ, ջերմատեսիլ սարքեր:

— Ահագին համալրված է, ահագին փոխվել է … այս պահին չկա այնպիսի դիրք, այնպիսի հենակետ չկա, որ չունենա իր նորմալ գիշերային տեսանելիության սարքը կամ ջերմադիտակը կամ հեռադիտակը:

— Կարո՞ղ ենք համարել, որ Տավուշի շրջանում նույնպես ամբողջովին համալրված են դիրքերը:

— Միանշանակ, — ամփոփում է հրամանատարը:

Դիրքապահներից մեկի ավտոմատը՝ գիշերային տեսանելիության սարքով․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Դիրքապահներից մեկի ավտոմատը՝ գիշերային տեսանելիության սարքով․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Մառախուղի, սահմանափակ տեսանելիության ու ցեխոտ ճանապարհի պայմաններում դիրքեր հասնելուց հետո լինում ենք դիրքապահների բլինդաժում, ծանոթանում դիրքապահների կենցաղին։Դիրքապահները նույնպես հաստատում են դիրքերի վերազինման մասին տեղեկությունը։ Դիտակետում պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մարտիրոսյանը ներկայացնում է իրենց տեխնիկական միջոցներն ու վստահեցնում, որ հակառակորդի շարժերին հետևում են, իսկ իրավիճակը հանգիստ է։ Դիրքապահը նաև նշում է, որ դիրքերը համալրվել են նաև տեխնիկական միջոցներով․

— Ամեն դիրքում գիշերային տեսանելիությանն էլ ունենք, ցերեկայինն էլ ունենք, ռացիա էլ ունենք, ներքին կապն էլ ունենք [նկատի ունի՝ լարային-հեռախոսային կապը]։

Զինծառայողը նաև նշեց, որ դիրքում և՛ դիտորդի, և՛ առույգ հերթափոխի, և՛ դիրքի ավագի մոտ կա կրովի ռադիոկայան (ռացիա), արդյունքում հեռախոսի հետ զուգահեռ ունեն ևս մեկ կապի միջոց, ինչի շնորհիվ անհնար է, որ չկարողանան կապ պահել դիրքի անձնակազմի հետ։

Դիրքապահ պայմանագրային Արման Մարտիրոսյանը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Դիրքապահ պայմանագրային Արման Մարտիրոսյանը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Դիրքապահ զինծառայողը նշեց նաև, որ առաջնագծի՝ իրենց հատվածում հիմա հանգիստ է։ Հակառակորդի ձայները լսում են, շարժն արձանագրում են, բայց կրակոցներ չկան։

Ավելի ուշ զորամասի հրամանատար, գնդապետ Խաչատրյանը ներկայացրեց դիրքերի ինժեներական կահավորվածության պատկերը։

— Եթե մենք շարունակենք դիրքերում առաջ շարժվել ու մտնել մյուս դիրքերը, մեկը մյուսից լավ է կառուցված, պատրաստ։ Իրական մարտին է պատրաստ, ոչ թե ինչ-որ ձևական տեսքի է։

Խրամուղիների մի մասը պատրաստված էր քարից, մյուս մասը՝ փայտի տախտակներից։ Գնդապետը նշեց, որ շինանյութի տարբեր տեսակների համադրումը պայմանավորված է խրամուղիների տարբեր նշանակությամբ և շինանյութի դիմացկունությամբ։ Ըստ հրամանատարի՝ խրամուղիների մի մասը պատրաստվում է քարից, որ խրամուղին շուտ չքանդվի, իսկ քարի վրա դրվում են անվադողեր։

— Այն քարը, որ մենք շարել ենք, կարելի է ասել՝ գնդակորսիչ է։ Փափուկ քար է, գնդակը կմտնի մեջը, դուրս էլ չի գա։ Եթե այդպես չլիներ, չէինք անի։ Իսկ փայտը երկար չի դիմանում․ երեք-չորս-հինգ տարի, իսկ քարը …

Հրամանատարը նշում է, որ անվադողերը ստանում են ծանոթներից, ընկերներից, ովքեր հավաքում ու իրենց են փոխանցում։ Նման «հանգանակություններով» արդեն տասնյակ հազարավոր անվադողեր են ստացել ու օգտագործել դիրքերի կահավորման համար։ Գնդապետ Խաչատրյանը ցույց է տալիս նաև անվադողերից պատրաստված դիտակետ-կրակակետը և բացատրում, որ անվադողի մեջ բետոն են լցրել ու փոքրիկ անցք թողնելով՝ ամուր պաշտպանված կրակակետ են ստացել։

Անվադողից և երկաթբետոնե «միջուկից» պատրաստված կրակակետերից մեկը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Անվադողից և երկաթբետոնե «միջուկից» պատրաստված կրակակետերից մեկը․ Լուսանկարը՝ Razm.info լրատվակայքի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *