Նախատեսվում է հիմնադրել ՀՀ ԶՈւ գիտահետազոտական ինստիտուտ. նախագիծ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստին հավանություն է ստացել «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագիծը:  Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը։ Նիստը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը նշել է, որ մշակվող ռազմավարության նպատակը ռազմարդյունաբերության զարգացմանը խթանելը, նորագույն տեխնոլոգիաների ներմուծումն ու մշակումը, և դրանց հիման հարակից տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես նաև տեղական արտադրության կազմակերպումն է:

Այդ նպատակով նախատեսվում է հիմնադրել ՀՀ զինված ուժերի գիտահետազոտական ինստիտուտ, որը կմշակի ՀՀ ԶՈւ-ի պահանջարկին համապատասխան գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մարտավարատեխնիկական առաջադրանքները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ելակետային տվյալները:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացվել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացվել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը

Ռազմավարության նպատակներից է ռազմատեխնիկական քաղաքականության ուղղություններով պետական, ինչպես նաև ոչ պետական բաժնեմասերով հոլդիգների, կոնցեռնների ձևավորումը՝ նրանցում պարտադիր ստեղծելով կամ ընդգրկելով համապատասխան գիտահետազոտական կառույց:

Փաստաթղթի հիմնական խնդիրն է գիտաարտադրական պաշարով գիտատեխնիկական համալիրի ստեղծումը, որը գիտահետազոտական զարգացման և ռազմագիտահետազոտական ինստիտուտի կանխատեսումների հիման վրա կմշակի և կիրականացնի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման երկարաժամկետ պլանավորում՝ նորարարական աշխատանքների համար:

Ըստ փոխնախարար Փախչանյանի՝ ազգ-բանակ բանաձևն ընդունելով որպես նպատակ, անհրաժեշտ է վերանայել ՀՀ կրթական գործընթացը՝ դպրոց-բուհ-արտադրություն-գիտություն կապը՝՝ վերածելով այն գիտակրթական համալիրի, որը կնպաստի կադրերի ապահովմանը:

Փաստաթղթում նշված են նաև ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները մինչև 2020 թվականը, իսկ մի շարք դրույթների հետ կապված աշխատանքներ արդեն իսկ տեղ են գտել կառավարության ընդունած որոշումներում կամ էլ գտնվում են մշակման ու իրականացման փուլում:

Ներկայացված փաստաթուղթը համակողմանի քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, շահագրգիռ գերատեսչություններում, ռազմական պատվեր կատարող կազմակերպություններում, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը և ռազմատեխնիկական քաղաքականությանը վերաբերող այլ հարցերի ևս:

Նշենք, որ ավելի վաղ՝ հունիսի 17-ին, ՀՀ կառավարությունում անցկացվել էր Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում Դավիթ Փախչանյանը ներկայացրել էր ՀՀ ռազմարդյունաբերության հետագա զարգացման, մասնավորապես «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը:

Վարչապետը հանձնարարել էր փաստաթուղթը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և լրամշակված տարբերակը ներկայացնել հանձնաժողովին:

One response to “Նախատեսվում է հիմնադրել ՀՀ ԶՈւ գիտահետազոտական ինստիտուտ. նախագիծ

  1. Pingback: Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները 2016-ին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *