Ռուսաստանը Իրանին հարձակողական սպառազինություն չի մատակարարի

Ռուսաստանը Իրանի հետ հարձակողական սպառազինություն մատակարարելու վերաբերյալ  չի բանակցում: Այս մասին դեկտեմբերի 1-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով օգնական Վլադիմիր Կոժինը: Փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Ըստ Կոժինի՝ չնայած Իրանը ցանկանում է Ռուսաստանից հարձակողական սպառազինություն գնել՝ այնուամենայնիվ Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով առայժմ դա անել հնարավոր չէ:

Նույն օրը  ռուսաստանյան «Ռոստեխ» արդյունաբերական կոորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտնել է, որ Ռուսաստանը Իրանին    Ս-400 ԶՀՀ-ներ  չի մատակարարի, այլ կմատակարարի միայն Ս-300 ԶՀՀ-ների համար պահեստամասեր:

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և Իրանը մտադիր են վերականգնել Իրանին ոչ մահացու զենք և հրաձգային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրերը:

Իսկ նոյեմբերի 15-ին ՌԴ Դաշնային խորհրդի՝ անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտնեց, որ Իրանը և Ռուսաստանը բանակցում են Իրանին 10մլրդ դոլարի սպառազինություն, մասնավորապես Տ-90 տանկեր, հրետանային համակարգեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ մատակարարելու  հարցի շուրջ:

Օզերովը հայտնել էր, որ  ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնության պարագայում մատակարարումները կարող են ավարտվել 2020 թվականին:

Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ Իրանը  կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ:

ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի  Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր:

Հրամանը չի վերաբերում Ս-300 ԶՀՀ-ների մատակարարմանը, քանի որ 2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը:

Պայմանագրով նախատեսված  Ս-300 ԶՀՀ-ների  մատակարարումը Ռուսաստանն ավարտեց հոկտեմբերին: Իսկ  մարտական հերթապահության համակարգերը կընդգրկվեն մինչև տարեվերջ:

Իսկ ինչ վերաբերում է Ս-400 ԶՀՀ-ներին, ապա դեռ  օգոստոսին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն ԴԵհղանը հայտարարել էր, որ Իրանը չունի Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնելու անհրաժեշտություն, ձեռք բերվող Ս-300-ները լիովին բավարարում են, իսկ որևէ համակարգի անհրաժեշտության դեպքում կարող է արտադրել ինքը:

One response to “Ռուսաստանը Իրանին հարձակողական սպառազինություն չի մատակարարի

  1. Pingback: 2016 թ. Ռուսաստանը 14 մլրդ դոլարի զենք և սպառազինություն է վաճառել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *