Սիրիայում թուրքական բանակն անցել է իր համար գծված սահմանները. Լևոն Հովսեփյան

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ «Սիրիայում թուրքական զինուժը պայքարում է ահաբեկչական կառույցների դեմ», սակայն ասել է, որ խնդրի հանգուցալուծման համար «քաղաքական լուծում է պետք»:

Սրանով նախարարը փորձել է պարզաբանել նախօրեին Թուրքիայի նախագահի ասած խոսքերը, թե թուրքական բանակը Սիրիայում է Ասադի վարչակարգը տապալելու համար: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է.

«Իրաքն ու Սիրիան պետք է ամբողջությամբ մաքրվեն «Իսլամական պետությունից» և «ան-Նուսրայի ճակատ»խմբավորումից: Թուրքիան պայքարում է բոլոր տեսակի ահաբեկչական խմբավորումների դեմ: Սակայն, եթե քաղաքական լուծում չլինի, այսօր ԻՊ -ից կմաքրենք, վաղը այլ ահաբեկչական խմբավորում կհայտնվի: Պետք է ճահիճը չորացնենք, ինչի գլխավոր միջոցը քաղաքական լուծումն է»:

Սակայն նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական զինուժը Սիրիայում այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալելու համար է գործողություն սկսել: Առաջին հայացքից թվում է, որ այս հայտարարությունները հակասում են, սակայն երկուսում էլ նույն ուղերձի առկայությունը զգացվում է:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը՝ թուրքագետ Լևոն Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա կարող էր լինել Էրդողանի հատուկ էմոցիոնալ պոռթկում՝ ներքուստ ունենալով նաև քարոզչական նպատակ: Ըստ Հովսեփյանի՝ այն կարող էր լինել Թուրքիայի ուղերձը՝ Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետ կապված:

Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Բաշար ալ-Ասադի նկատմամբ ակնհայտ է, սակայն Ասադի հարցում Ռուսաստանի ու այլ ուժերի կարծիքները տարբեր են, ինչը օրինաչափ է, բայց ընդհանուր առմամբ՝ հրադադարի, մարդասիրական օգնության, քաղաքական լուծում գտնելու վերաբերյալ հարցերում կողմերը համակարծիք են: Անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարությանը՝ Հովսեփյանը նշում է.

«Քաղաքական լուծում ասելով՝ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ եթե Սիրիայի կառավարական ուժերը հաջողություններ են գրանցում Հալեպում, ապա Թուրքիան էլ պետք է իր շահերին համապատասխան որոշակի տարածքում իր ռազմական գործողություններն իրականացնի:

Սա ամենակարևոր խնդիրն է, որ այսօր քննարկում են Ռուսաստանը և Թուրքիան: Սկզբնական հատվածում նաև Ռուսաստանի թույլտվությամբ Թուրքիան հնարավորություն էր ստացել սահմանափակ տարածքում ռազմական գործողություններ իրականացնել: Առաջնայինը Ջերաբլուս քաղաքն էր:Սակայն Թուրքիան շարժվեց ավելի հարավ, հիմա Ալ-Բաբի մատույցների մոտ է և նպատակ ունի այն գրավել»:

Անդրադառնալով այն հարցին, որ Սիրիայի կառավարական ուժերը ևս շարժվում են նույն Ալ-Բաբ քաղաքի ուղղությամբ՝ Հովսեփյանը նշեց, որ այստեղ ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսի համաձայնություն ձեռք կբերվի Ռուսաստանի հետ.

«[Ամեն ինչ կախված է նրանից, թե Թուրքիային] թույլ կտա՞ն, որպեսզի թուրքական բանակը ամբողջությամբ գրավի Ալ-Բաբը, թե՞ նաև որոշակի սահման կգծեն, որպեսզի Սիրիայի կառավարական բանակն էլ այնտեղ հաստատվի»:

Թուրքագետն ասաց, որ Թուրքիան արդեն իսկ խախտել է այն սահմանները, որոնք նախնական համաձայնությամբ գծվել էին Թուրքիայի համար: Ներկայումս, ըստ Հովսեփյանի, Թուրքիան փորձում է համաձայնության հասնել ռուսաստանյան կողմի հետ և շարունակել առաջխաղացումը` գիտակցելով, որ Սիրիայում ռազմական առումով գերակշիռ դիրք ունի Ռուսաստանը:

Խոսելով հնարավոր զարգացումների մասին՝ թուրքագետը չբացառեց, որ ապագայում հնարավոր են թուրքական զինուժի և սիրիական կառավարական բանակի բախումներ: Հովսեփյանը նշեց, որ Սիրիայում մեծ դերակատարություն ունի նաև Իրանը, և Թուրքիան բացի Ռուսաստանից, ստիպված է հաշվի նստել նաև Իրանի հետ: Սակայն ներկա գործընթացները ցույց են տալիս, որ կողմերը փորձում են համաձայնության գալ, և չգնալ ռազմական լուրջ բախումների:

Այն, որ Սիրիայի հարցում Ռուսաստանը և Թուրքիան որոշակի համաձայնություն ունեն, նշում է նաև թուրքական Haber7 լրատվակայքի սյունակագիր Թահա Դաղլըն: Նա մասնավորապես նշում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը գրոհում են Հալեպի արևելքը, իսկ Էրդողանն այս ուղերձով Ռուսաստանին փորձում էր հասկացնել, որ իրենք այդպես չեն պայմանավորվել:

Իր հերթին մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովը նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները մշտապես կապի մեջ են և փորձում են ավելի խորացնել և կոնկրետացնել իրենց հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունները՝ այդ թվում նաև սիրիական ճգնաժամի հարցում.

«Պրակտիկայում մենք առաջնոդվում ենք, ոչ թե ինչ-որ մեկի միակողմանի հայտարարություններով, այլ այն համաձայնություններով, որոնք ձեռք են բերվել նախագահների հանդիպումների ժամանակ», — նշել է Լավրովը:

Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Սիրիայում տիրող վիճակը: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Էրդողանը նոր հայտարարություն է արել.

«Եփրատի Վահան» գործողության թիրախը որևէ մի երկիր կամ որևէ անձ չէ, այլ միայն ահաբեկչական խմբավորումներն են: Այս հարցում թող ոչ ոք կասկած չունենա և մեր հայտարարությունները այլ կերպ չմեկնաբանի»:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Նշենք, որ սիրիական ճգնաժամը սկսել է 2011 թվականից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական զորքերը բախումների են գնում տարբեր ռազմական խմբավորումների զինյալների հետ: