Վրաստանի ՊՆ, ԶՈւ համակարգում զանգվածային կրճատումներ են սպասվում

Նոյեմբերի 26-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանի պաշտպանության նախարարությունում և զինված ուժերում կառուցվածքային փոփոխություններ են լինելու: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրաստանի ԶՈւ «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող անձնակազմը

Վրաստանի ԶՈւ «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող անձնակազմը

Նախարարի ներկայացրած ծրագրի համաձայն՝ կրճատումների արդյունքում «տասնյակ միլիոնավոր լարի կնտնտեսվի» (1 լարի = 0,38 ԱՄՆ դոլար), և այս գումարը կուղղվի զինված ուժերի անձնակազմի կրթությանն ու սպառազինմանը: Նախարարը հայտարարել է.

«Համակարգի օպտիմիզացիան մեր գլխավոր ուղղությունն է: Նախատեսվում է [զինված ուժերի] գլխավոր շտաբի դեպարտամենտների և վարչությունների ստանդարտացում և կրճատում: Հիմա կա 53 դեպարտամենտ, և պատրաստվում ենք այդ թիվը կրճատել մինչև 35: Պաշտպանության նախարարությունը կհրաժարվի խորհրդականների ինստիտուտից: Նույնը կարվի նաև գլխավոր շտաբում: Մենք կունենանք  4 մանևրային բրիգադ՝ 3 բաղկացուցչով՝ հետևակային, մեխանիզացված և զրահատանկային: Ավիացիան կկենտրոնանա ՀՕՊ-ի վրա: Ուշադրություն կդարձվի նաև ուղղաթիռների հնարավորությունների ավելացմանը և ԱԹՍ-ների կիրառմանը»:

Նախարար Իզորիան Վրաստանի ԶՈւ կազմում բարեփոխումների մասին հայտնել էր նաև նախկինում, սակայն այն ժամանակ խոսվում էր միայն 1 բրիգադի կրճատման մասին: Ներկայում Վրաստանի ցամաքային զորքերում կա 4 հետևակային, 1 մեխանիզացված և 2 հրետանային բրիգադ:

Razm.info-ի հետ զրույցում մեկնաբանելով այս որոշումը՝ վրաստանցի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսաիան նշեց, որ 1 հետևակային բրիգադի կրճատումից բացի, կրճատվելու են նաև մյուս զորատեսակների բրիգադների անձնակազմերը:

«Կկրճատվի նաև սպայական կազմը՝ մոտ 30 տոկոսով: Սա վերաբերում է նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի վարչական կազմին»:

Բացի այդ, Վրաստանի պաշտպանության նախարարը մտադիր է փոխել քաղաքների տարածքներում գործող բրիգադների տեղակայման վայրերը, քանի որ քաղաքներում տեղակայված լինելը «սահմանափակում է նրանց շարժունակությունը»: