Սիրիայի բանակը մոտենում է թուրքական զինուժի դիրքերին

Նոյեմբերի 29-ին Սիրիայի կառավարական ուժերը քրդական զորաջոկատների օժանդակությամբ սկսել են առաջխաղացումը դեպի Հալեպից հյուսիս-արևելք ընկած Ալ Բաբ քաղաք՝ գրավելով քաղաքի մոտակայքում գտնվող Ազրաք գյուղը:

Այս մասին հայտնում է Al Masdar News լրատվակայքը՝ փոխանցելով սեփական աղբյուրներից ստացված տեղեկությունը:

Իրադրությունը Սիրիայի հյուսիսում 2016-ի նոյեմբերի վերջի դրությամբ.

Իրադրությունը Սիրիայի հյուսիսում 2016-ի նոյեմբերի վերջի դրությամբ.

Նշված բնակավայրը գտնվում էր Թուրքիայի օժանդակությամբ Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսային շրջաններում տեղակայված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման, մասնավորապես՝ Սիրիայի թուրքմենների վերահսկողության տակ: Սակայն այդ խմբավորման աղբյուրները պնդում են, որ բնակավայրը դեռևս իրենց վերահսկողության տակ է:

Միևնույն ժամանակ հակասական տեղեկություններ են տարածվում, որ նշված հատվածում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինծառայողները գերի են վերցրել Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայողի:

Ցանկացած պարագայում դեպքերի ընթացքը ցույց է տալիս, որ Սիրիայի կառավարական ուժերը վերջին շրջանում վերականգնում են վերահսկողությունը Հալեպի հյուսիսարևելյան շրջաններում, շարունակում են շարժվել դեպի Ալ Բաբ բնակավայրի կողմը: Միևնույն ժամանակ թուրքական զինուժը և նրա օժանդակությամբ գործող զինյալները նույնպես մոտեցել են Ալ Բաբին, և այն ԻՊ գրոհայիններից վերցնելու համար գործողություններ են վարում:

Նման զարգացումները կարող են հանգեցնել Սիրիայի կառավարական ուժերի և թուրքական զինուժի անմիջական բախումների: Այս տրամադրությունները երեկ՝ նոյեմբերի 29-ին հայտարարել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ թուրքական զինուժը Սիրիայում գործողություն սկսել է Սիրիայի նախագահ Ասադի իշխանությունը տապալելու նպատակով: