Թուրքիայի զինուժը Սիրիայում է Ասադի իշխանությանը վերջն դնելու համար. Էրդողան

Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը և հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակը» խմբավորումը Սիրիայում գործողություններ են սկսել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությանը վերջն դնելու համար: 

«Թուրքիան Սիրիայի տարածքների նկատմամբ ոչ մի հավականություն չունի: Թուրքիայի զինուժը այնտեղ է Ասադի իշխանությունը տապալելու համար»,-ասել է էրդողանը:

Նույն օրը Ռուսաստանի պետդումայի նախագահի միջազգային հարցերով 1-ին տեղակալ Դմիտրիի Նովիկովը հայտարարել է, որ Ասադի իշխանությունը տապալելու մասին Էրդողանի հայտարարությունը դժվարացնում է սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Միևնույն ժամանակ Նովիկովն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի նկատմամբ չի փոխվել:

«Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ է: Դրա հիմքում ընկած է այն, որ Ասադը համարվում է օրենքով ընտրված նախագահ, իսկ համաշխարհային ահաբեկչության դեմ պետք է պայքարել: Իմաստ չեմ տեսնում այս դիրքորոշումը վերանայելու մեջ»-ասել է նա:

Նշենք, որ սիրիական ճգնաժամը սկսել է 2011 թվականից: Մինչև այժմ Սիրիայի կառավարական զորքերը բախումների են գնում տարբեր ռազմական խմբավորումների զինյալների հետ:

Նշենք նաև, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարական ուժերին աջակցելու համար 2015-ի սեպտեմբերից ավիահարվածներ է հասցնում Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին