ՌԴ Դաշնային խորհրդի անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Իրանի Համադան քաղաքի «Նոժե» ավիաբազան օգտագործելու անհրաժեշտություն կլինի այն դեպքում, եթե «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը հեռու լինի Սիրիայի ափերից, և հնարավոր չլինի ահաբեկիչներին հարվածներ հասցնել:
Այս մասին նոյեմբերի 26-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:
Նույն օրը Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Իրանը Ռուսաստանին կտրամադրի Համադանի ավիաբազան:
Նշենք, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը 2016-ի հոկտեմբերից – 2017-ի հունվար ամիսներին մասնակցելու է Միջերկրական ծովից Սիրիայի տարածքում ԻՊ զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելուն:
Ներկայում ավիակրի վրա հերթապահություն են իրականացնում Սու-33 և ՄիԳ-29 կործանիչներ և Կա–52Կ, Կա-27, Կա-31 ուղղաթիռներ: (Ընդ որում՝ կործանիչներից մեկը նոյեմբերին վթարվել է անսարքության պատճառով):
Իսկ Համադանի ռազմաբազան Ռուսաստանն օգոստոսին օգտագործել է ՏՈւ22-Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչների թռիչքների համար: Դրանք մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:
Օգոստոսի 22-ին, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցրել է օգտագործել «Համադան» ռազմաբազան , քանի որ կողմերի միջև բազայի օգտագործման շուրջ հստակ պայմանավորվածություն չի եղել:
Իսկ արդեն օգոստոսի 23-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտնեց, որ Ռուսաստանը շարունակում է ավիաբազայի օգտագործումը: Խոսնակը նշել էր, որ Ռուսաստանը և Իրանը համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում, ինչի շրջանակներում ռուսաստանյան օդուժը շարունակելու է լրալցավորման համար օգտագործել իրանական ավիաբազան: Սակայն, նա նաև հավելել էր, որ Իրանը մշտական հիմունքով ոչ մի երկրի ռազմաբազա չի տրամադրել:
Իսկ ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի՝ Համադանի ավիաբազայի երկրաժամկետ կամ մշտական հիմունքով օգտագործումը ռազմատեխնիկական տեսանկյունից անհնար է, իսկ քաղաքական տեսանկյունից նաև անցանկալի:
Նշենք, որ Ռուսաստանը ավիաբազա ունի Սիրիայում. «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայված են ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Ավիաբազան Ռուսաստանը օգտագործում է այնտեղ ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին պայմանագրի կնքման օրվանից` 2015-ի օգոստոսի 26-ից:
Իսկ Համադանի ավիաբազայի օգտագործումը պայմանավորված էր նրանով, որ «Հմեյմիմ» ավիաբազան չի կարողանում ընդունել մեծ չափսերի ռմբակոծիչներ, ինչի պատճառով ռուսաստանյան ռմբակոծիչները ստիպված ամեն անգամ ավիահարվածներից հետո վերադառնում էին ՌԴ տարածք։