Իրանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ չի գնի. Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները այն մասին, որ Իրանը պատրաստվում է Ռուսաստանից Սու-30 կործանիչներ գնել: Այս մասին նոյեմբերի 26-ին հայտնում է Reuters գործակալությունը:

Մինչ այս՝ նոյեմբերի 26-ին, լրատվամիջոցները տարածել էին Իրանի պաշտպանության նախարար  Հոսեյն Դեհղանի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ  Ռուսաստանից Սու-30 կործանիչներ գնելու հարցը Իրանի ՊՆ օրակարգում է:

Ըստ Իրանի պաշտպանության նախարարության` ԶԼՄ-ները սխալ են ըմբռնել  Հոսեյն Դեհղանի հայտարարությունը. Դեհղանը նկատի է ունեցել , որ Իրանը պատրաստ է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը: Իսկ Սու-30 կործանիչների գնման մասին բանկցություններ չեն ընթանում, քանի որ կործանիչների գնման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությունը:

Նշենք, որ ավելի վաղ Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում է կործանիչներ գնել, սակայն չէր հստակեցրել, թե որ երկրից և ինչ կործանիչ:

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ

ՌԴ ռազմաօդային ուժերի ՍՈւ-30 կործանիչների վեցյակ

Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարին Հոսեյն Դեհղանը հայտարարեց, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանի հետ Սու-30 կործանիչների ձեռքբերման պայմանագիր ստորագրել:

Նախարարը չէր հստակեցրել կործանիչների քանակը և հնարավոր գնման ժամկետները, բայց նշել էր, որ իրենք քննարկելու են նաև կործանիչների արտադրության գործընթացին ներգրավվելու հնարավորությունը, ինչը նախատեսվում է ներառել գնման պայմանագրում:

Հոկտեմբերին ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարեց, որ Ռուսաստանը Իրանի հետ  «Սու» կործանիչներ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ չի վարում, քանի որ Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով դա անել դեռ հնարավոր չէ:

Ռուսաստանյան արտադրության Սու-30 կործանիչը շահագործվում է 1992-ից։ Մինչ օրս արտադրվել է դրա ավելի քան 465 օրինակ։ Ինքնաթիռը կարող է զարգացնել մինչև 2 125 կմ/ժ առավելագույն արագություն, մեկ լիցքավորմամբ անցնել 3 000 կմ տարածություն։ Սպառազինությունում Սու-30-ն ունի 30 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 12 կետ՝ նախատեսված ազատ անկման ռումբերի և կառավարվող հրթիռների համար։

Իրանի ԶՈւ սպառազինությունում առկա է 30 միավոր Սու-24 և 7 միավոր Սու-25 կործանիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *