Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում և Ռուսաստանի գործոնը

Նոյեմբերի 24-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնեց, որ Սիրիայի հյուսիսում «այդ երկրի օդուժի ավիահարվածներից մահացել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, ևս տասը՝ վիրավորվել են»: Սիրիայի զինուժը հերքել է այս տեղեկության իսկությունը՝ միաժամանակ նշելով, որ Թուրքիան սրանով փորձում է նախապատրաստվել Հալեպ ներխուժելուն: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք արաբագետ Սարգիս Գրիգորյանի և թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

Թուրքական և սիրիական կողմերի հայտարարություններն առավել մանրամասն՝ հետևյալ հղումներով (1, 2):

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքիայի ԶՈւ կորուստների թիվը նոյեմբերի 25-ին ավելացել է ևս մեկով և կազմել է 4 զինծառայող:

Նոյեմբերի 24-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը չէր նշել, թե հատկապես Սիրիայի որ հատվածում են սպանվել զինծառայողները, սակայն ինչպես հայտնել էր թուրքական «Հյուրիեթը», դեպքը եղել է Հալեպից հյուսիս-արևելք տեղակայված Ալ Բաբ բնակավայրի մոտ, որը ներկայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է, սակայն թուրքական զինուժը այն գրավելու համար գործողություններ է իրականացնում:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թուրքական զինծառայողների մահվան հետ կապված տեղեկությունները հակասական են:

«Թուրքիան հայտնում է, որ Սիրիայի օդուժի գործողության հետևանքով են զոհվել զինծառայողները, սակայն Դամասկոսը հերքում է այդ տեղեկությունը: Զուգահեռաբար տեղեկություններ են տարածքում, որ «Իսլամական պետությունն» է հարձակում իրականացրել:

Այս պահին դժվար է ստույգ ասել, սակայն շատ հնարավոր է նաև, որ հենց իսլամականներն են դա արել, քանի որ միջադեպը Ալ Բաբ քաղաքում է եղել, իսկ այստեղ արդեն վաղուց շարունակվում են «Իսլամական պետության» և թուրքական զինուժի ու նրանց աջակցությամբ գործող սիրիական ընդդիմադիր խմբավորումների միջև»:

Քանի որ միջադեպը գրանցվել էր հենց նոյեմբերի 24-ին՝ Սիրիայի տարածքում թուրքական օդուժի կողմից Ռուսաստանի Սու-24Մ ռմբակոծիչի խոցման մեկամյակին, սրա հետ կապված հակասական տեղեկություններ էին տարածվել, որ արդեն 2016 թ. նեյեմբերի 24-ին գրանցված միջադեպը կարող էր կապ ունենալ մեկ տարվա հնության դեպքերի հետ:

Սակայն քանի որ վերջին շրջանում ականատես ենք թուրք-ռուսաստանյան հարաբերությունների բարելավման փուլին՝ նման տեղեկությունները, ինչպես նաև Ռուսաստանի հնարավոր միջամտությունը որևէ հիմնավոր փաստարկով հնարավոր չէ ապացուցել:

Այս հարցի հետ կապված Գրիգորյանը նշեց, որ ներկա դրությամբ Ռուսաստանին կարող է ձեռնտու լինել Թուրքիայի աջակցությամբ գործող խմբավորումների կողմից Ալ Բաբի գրավումը ԻՊ-ից, սակայն Ռուսաստանը, բնականաբար, Սիրիայում ունի իր շահերը և հաշվարկները: Ըստ այդմ՝ Ռուսաստանը կարող է միջամտել Թուրքիայի գործողություններին, եթե Ալ Բաբը գրավելուց հետո նրանք փորձեն շարժվել դեպի հարավ-արևմուտք՝ դեպի Հալեպի կողմ:

Չնայած դրան՝ ըստ արաբագետի, Թուրքիան և Ռուսաստանը հավանաբար համաձայնություն ունեն, որ այդ խմբավորումները և թուրքական զինուժը դեպի Հալեպի կողմ չգան:

Անդրադառնալով Ալ Բաբի գրավման նշանակությանը Թուրքիայի համար՝ թուրքագետ Լևոն Հովսեփյանն իր հերթին մեզ հետ զրույցում նշեց, որ այն ռազմավարական կարևոր նշանակություն ունի, քանի որ առաջին հերթին փակում է ճանապարհը Սիրիայի քրդերի երկու կանտոնների (քրդական ինքնահռչակ ինքնավար շրջաններ Սիրիայի տարածքում) միջև, որոնցից մեկը Եփրատից արևելք է, իսկ մյուսը՝ Հալեպից հյուսիս-արևմուտք՝ Աֆրինի շրջանում:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Էլ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի թուրքմեն զինյալների հետ սկսել է Էլ-Բաբը ԻՊ-ից «մաքրելու» գործողությունը:

Այս հարցի հետ կապված նշենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին: Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Անդրադառնալով Թուրքիայի համար Ալ Բաբի գրավման մյուս կարևոր նշանակությանը՝ Հովսեփյանը նշեց.

«Թուրքիան հավակնություններ ունի Ալ Բաբը գրավելուց հետո հասնել Հալեպի «հյուսիսային դարպասներին»: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ համաձայնության կհասնեն հատկապես Ռուսաստանի հետ, որովհետև ակնհայտ է, որ արդեն այդ հատվածներում (Հալեպի մոտ — խմբ.) գերակա դիրք ունեն ռուսները:

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, չեմ բացառում, որ առաջիկայում բախումներ կարող են լինել Սիրիայի կառավարական ուժերի, այդ թվում նաև քրդական պաշտպանական ջոկատների [և Թուրքիայի զինված ուժերի] միջև, բավական լուրջ խաղ է գնում, և Թուրքիան փորձում է օգտվել աշխարհաքաղաքական այն իրողություններից, որ ձևավորվել են Ռուսաստան – ԱՄՆ հարթության մեջ:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ Թուրքիան փորձում է առավելապես Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերելու միջոցով իր խնդիրները լուծել Սիրիայում: Չեմ բացառում, որ առաջիկայում կարող ենք ականատես լինել թուրքական ուժերի մասնակցությամբ ավելի լայնամասշտաբ գործողությունների, ինչը կարող է նոր բախումների հանգեցնել»:

Նշենք, որ հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացի հետ կապված տեղեկություններ են շրջանառվում, որ Սիրիայի հարցում երկու երկրները որոշակի համաձայնության են հասել: Մասնավորապես դրա մասին են խոսում նաև թուրքական զինուժի գործողությունները Սիրիայի տարածքում, ինչպես նաև այն, որ տևական դադարից հետո 2016 թ. սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետերը փոխայցելությունների ընթացքում հատկապես ուշադրություն են դարձրել սիրիական հակամարտության քննարկմանը (1, 2):

Միևնույն ժամանակ Ռուսաստանը զերծ է մնում Սիրիայի տարածքում Թուրքիայի գործողությունները քննադատելուց, ինչը հակասում է 2015 թ. նոյեմբերից հետո ՌԴ որդեգրած քաղաքականությանը:

Թուրքագետ Հովսեփյանը նկատեց, որ մինչև երկու երկրների ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումները Սիրիայի օդային տարածքում Թուրքիայի համար Սիրիայի օդային տարածքը փակ էր, սակայն հանդիպումների ֆոնին թուրքական զինուժը Սիրիայի տարածքում օդային գործողությունների հնարավորությունը ստացավ:

«Ակնհայտ է, որ դա ռուսաստանյան կողմի թույլտվությունն էր, որովհետև Սիրիայի օդային տարածքի պաշտպանությունն իրականացնում են ռուսները»:

Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումից

Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետերի հանդիպումից

Հովսեփյանը նշեց, որ չի բացառվում Սիրիայում ազդեցության գոտիների հարցում Ռուսաստանի և Թուրքիայի որոշակի համաձայնության հասնելը, ինչի նպատակն առավելապես ընդդեմ Միացյալ Նահանգների գործելն է: Ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է օգտվել ԱՄՆ-ու անցումային շրջանից (նախագահի փոփոխություն) և որոշակի առարկայական արդյունքի հասնել Սիրիայի հարցում:

Սիրիայի հարցում Թուրքիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ կապված նշենք, որ այստեղ կա լուրջ հակասություն հատկապես Սիրիայի քրդերի հարցում: Թուրքիան վերջիններից որակում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թև, և ինչպես արդեն նշել ենք, գործողություններն առավելապես նրանց դեմ է ուղղում: Սակայն ԱՄՆ-ը մշտապես ընդգծել է, որ Սիրիայի քրդերին դիտարկում է որպես ԻՊ դեմ կռվող լուրջ ուժ և աջակցում է քրդերին:

2 responses to “Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում և Ռուսաստանի գործոնը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում անհետացել է Թուրքիայի զինուժի 2 զինծառայող | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *