Նարդարան. Ադրբեջանի շիաների ըմբոստ ավանը մեկ տարի անց

Մեկ տարի առաջ՝ 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն իրականացրին Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում, որի ընթացքում սպանվեց 5 նարդարանցի և 2 ոստիկան։ Ներկայումս նույն գործով կալանավորված է 87 անձ, ընդ որում՝ ոչ միայն Նարդարանից։

Նարդարանը ոստիկանների հետ բախումների ընթացքում. 2015 թ.

Նարդարանը ոստիկանների հետ բախումների ընթացքում. 2015 թ.

Դեռևս այս միջադեպից շատ առաջ Նարդարանը համարվում էր «պետություն պետության մեջ», որից ոստիկանները գերադասում էին հեռու մնալ, իսկ ադրբեջանական դրոշի փոխարեն այնտեղ պարսկերեն և արաբերեն գրություններով կրոնական պաստառներ էին ծածանվում։ Ադրբեջանի անկախացումից ի վեր երկրի իշխանությունը մի քանի անգամ բախումների է գնացել նարդարանցիների հետ, սակայն միայն 2015 թ. նոյեմբերին Բաքվին հաջողվեց «գրավել» ավանը։ Այսօր՝ մեկ տարի անց, Նարդարանում արդեն գործում է ոստիկանության բաժանմունք, որի հրամանատարը գնդապետ է։

Սույն հոդվածով Ռազմինֆոն ներկայացնում է այդ իրադարձությունների ամփոփ ակնարկ՝ ներառյալ նախապատմությունը և այսօրվա իրավիճակը, և փորձում է նաև կանխատեսել հնարավոր զարգացումները։ Ի լրումն ներկայացված են նաև փորձագետներ Արտյոմ Տոնոյանի և Արաքս Փաշայանի կարծիքները նարդարանյան իրադարձությունների մասին։

Նախապատմություն

Իսլամը Նարդարանում

Ապշերոնյան թերակղզում գտնվող Նարդարանի 9–10 հազարանոց բնակչության հիմնական մասը պահպանողական շիայադավան կովկասյան պարսիկներ են (թաթեր): Նրանք նույնիսկ խորհրդային տարիներին աչքի են ընկել խիստ կրոնապաշտությամբ։ Ադրբեջանի անկախացումից ի վեր ավանի բնակիչները փորձել են ապրել շարիաթի դրույթներին համապատասխան։ Անկախության տարիներին հոգևորականների մի մասը կրոնական կրթություն ստացել են Իրանում, ըստ այդմ այստեղ մեծ է նաև Իրանի ազդեցությունը:

Նարդարանի բնակիչները գլխավոր մզկիթի առջև իսլամական տոն են նշում

Նարդարանի բնակիչները գլխավոր մզկիթի առջև իսլամական տոն են նշում

1991 թ. հենց Նարդարանում է հիմնվել Ադրբեջանի իսլամական կուսակցությունը: Սկզբնական տարիներին այն, ինչպես նաև իրանցի հոգևորականները, ակտիվ քարոզչություն է իրականացրել Ադրբեջանում, որի բնակչության մեծամասնությունը նույնպես շիայադավան են։ Իրանը մշտապես փորձել է կրոնի միջոցով իր ազդեցությունը տարածել Ադրբեջանում, իսկ վերջինիս ղեկավարությունն ամեն կերպ փորձել է սահմանափակել իսլամի դերը երկրի քաղաքական կյանքում։ Այս տեսանկյունից Նարդարանը մշտական «գլխացավ» է եղել Ադրեջանի ղեկավարության համար։

1993 թ. իշխանության գալուց հետո Հեյդար Ալիևը, ինչպես նաև նրա՝ նախագահի պաշտոնը ժառանգած որդի Իլհամ Ալիևը, սահմանափակում են պետական-քաղաքական համակարգում իսլամական գործիչների ազդեցությունը՝ փորձելով խուսափել Իրանի ազդեցությամբ շիաների ակտիվացումից և մեղադրում կուսակցության անդամներին «Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու համար»։ 1995 թ. Ադրբեջանի իսլամական կուսակցության գործունեությունը դադարեցվում է, սակայն այն շարունակում է ընդհատակյա գործել և ազդեցությունը պահպանել հատկապես Նարդարանում:

Այնուամենայնիվ Նարդարանի հասարակ բնակիչներին սխալ է ուղղակիորեն կապել քաղաքականության հետ։ Նրանք ավելի շատ կողմնակից են «իսլամական ավանդույթների պահպանմանը»։ Օրինակ՝ կրոնական տոների, ծիսակատարությունների ընթացքում բարձրացվել են իսլամական ավանդույթների պահպանման, ինչպես նաև սոցիալական պահանջներ։ Նշված ծիսակատարություններից հատկապես մարդաշատ մշտապես անցկացվել է Աշուրա սգո արարողությունը[1], ինչը ցանկացած պահի կարող էր վերածվել սոցիալական և կրոնական պահանջներով բողոքի ցույցերի։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի իշխանությունները մշտապես փորձել է հսկողություն սահմանել այս և շիաների այլ ծիսակատարությունների ու տոների վրա, ինչը հաճախ հանգեցրել է բախումների։

Մի կողմից Նարդարանում իսլամական ավանդույթներին հետևող բնակիչները, մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը հանգեցնում են այն բանին, որ 2001–02թթ. Նարդարանում սոցիալական պահանջներով ցույցերը ստանում են ընդգծված կրոնական բնույթ: Ավանի բնակիչները պետությունից պահանջում էին կենսական պայմանների բարելավում, սակայն միևնույն ժամանակ ցույցերին վանկարկում էին Ալլահին մեծարող խոսքեր, պահանջում, որպեսզի թույլատրեն իսլամական գլխաշորերի՝ «հիջաբների» կրումը դպրոցներում և այլն։

Մոտ 9 ամիս տևած ցույցերը վերածվում են բախումների, որոնց ընթացքում նարդարանցիներն այրում են ավան մտնել փորձող ոստիկանանական մեքենաները։ Բախումներում սպանվում է Նարդարանի մեկ բնակիչ, շուրջ 3 տասնյակ մարդ վիրավորվում է, սակայն ոստիկաններն այդպես էլ չեն կարողանում մտնել ավան։ Հետագա տարիներին Նարդարանի բնակիչները պահպանում են կրոնական նույն կեցվածքը և հարաբերական ինքնուրույնությունը, ինչն իշխանությունների կողմից չէր դադարում որպես վտանգ ընկալվել։

2006-ի հունվարի 24-ին Նարդարանի բնակիչների և ոստիկանության հերթական բախումներում սպանվում է երկու ոստիկան և մեկ նարդարանցի։ Հետագա օրերին բողոքի ցույցեր են անցկացվում ոստիկանության դեմ։ Նույն տարվա փետրվարի 7-ին ոստիկանությունը կրկին հատուկ գործողություն է իրականացնում Նարդարանում։ Ընդհանուր առմամբ նշվում է շուրջ 8 ձերբակալված նարդարանցու մասին։

2010 թ, երբ Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարում է, որ միջնակարգ դպրոցներում արգելվում է հիջաբ կրել, Նարդարանի բնակիչները ակտիվորեն մասնակցում են այդ որոշման դեմ բողոքի ցույցերին։ Իշխանության համար ակնհայտ էր, որ ավանը կիսաանկախ տարածք է, որը փորձում է շարժվել սեփական օրենքներով, և դա չէր կարող անտարբեր թողնել Ալիևի վարչակարգին։ Բաքվում հաշվի էին առնում նաև այն կարևոր հանգամանքը, որ պահպանողական մահմեդականները աչքի են ընկնում յուրահատուկ քաղաքական համախմբման մեխանիզմներով։

Օրինակ՝ 2011 թ. մի հոդվածում լրագրողը փոխանցում է ոստիկաններից մեկի արտահայտությունը, որ «Նարդարանն առանձին պետություն է»։

Այստեղ դեր են խաղում ինչպես ավանի բնակիչների պահպանողական հայացքները, այնպես էլ՝ բնակիչների սոցիալական խնդիրները։ Բնակիչներից մեկը բողոքում է, որ մի անգամ շրջանի ղեկավարը իրեն ասել է, որ հանգիստ գնա բանջարեղեն աճեցնի, ու գազը չեն կտրի: Այդ մարդը պարտքի հաշվին բանջարեղենը տնկել է, բայց գազն անջատել են ու ֆինանսները զուր տեղը կորել են: Մեկ այլ բնակիչ հիշեցնում է, որ Նարդարանը խորհրդային տարիներին հայտնի է եղել ծաղիկների աճեցմամբ:

Սակայն հիմա երբ Ադրբեջանում ամեն տարի «վարդի տոն են» անում՝ կառավարությունը միլիոններ է ծախսում դրանք Հոլանդիայից բերելու համար, մինչդեռ կարող են իրենք աճեցնել, տալ կառավարությանը, փող կունենան՝ գազի, լույսի փողերն էլ կվճարեն: Այսպիսով, սոցիալական խնդիրների զգալի մասը կարող ենք նաև դիտարկել որպես Նարդարանի բնակիչների նույն «կիսանկախ» վիճակին դեմ Ադրբեջանի իշխանությունների հակաքայլերից մեկը։

Նշեք, որ նմանատիպ բնույթի ցույցեր, սակայն առանց բախումների և համեմատաբար ավելի խաղաղ մթնոլորտում, Նարդարանում պարբերաբար անցկացվել են նաև 2013–2014 թթ., որոնք 2015-ին ևս շարունակվել են:

2015 թ. նոյեմբերի իրադարձությունները, լուրջ բախումներ ոստիկանության և Նարդարանի բնակիչների միջև

2015 թ հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի հատուկջոկատայինները Գյանջայի (Գանձակ) շիաներին արգելում են Աշուրայի ծիսակատարության կապակցությամբ երթ անցկացնել, ձերբակալում մոտ 30 հոգու։ Հաջորդ օրը Նարդարանում ծիսակատարության մասնակիցները դատապարտում են Գյանջայի շիաների դեմ ճնշումները, պահանջում ազատ արձակել իսլամական կուսակցության առաջնորդ Մովսում Սուլեյմանովին, կրոնական հայացքների համար դատապարտված այլ անձանց, ինչպես նաև դադարեցնել ճնշումները «Մուսուլմանական միասնություն» հավատացյալների միավորման ղեկավար Թալեհ Բաղիրզադեի դեմ։  Բնակիչները նաև պահանջում են թույլատրել հիջաբ կրել դպրոցներում։ Ինչպես Նարդարանի, այնպես էլ՝ Գյանջայի որոշ շիաներ շարունակում են բողոքները նաև հետագա օրերին:

Ադրբեջանական ընդդիմադիր շրջանակներում կարծիքներ կան նաև, որ հավատացյալների դեմ գործողությունները ուղղված էին նաև երկրում նոյեմբերի 2-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունների խախտումները կոծկելուն։

Նարդարանի բնակիչները բողոքում են դպրոցներում հիջաբի արգելման դեմ. 2010 թ.

Նարդարանի բնակիչները բողոքում են դպրոցներում հիջաբի արգելման դեմ. 2010 թ.

Նոյեմբերի 5-ին «ոստիկանության գործողություններին դիմադրություն ցույց տալու» համար ձերբակալում են «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թ․ Բաղիրզադեի տեղակալ, Նարդարանի բնակիչ Էլչին Գասիմովին: Նույն օրը երեկոյան և հաջորդ օրերին Բաքվի Սաբունջու շրջանի ոստիկանական բաժանմունքի դիմաց բողոքի ցույցեր են անցկացնում նրա կողմնակիցները, ձերբակալվում է 20 հոգի: Գասիմովին նոյեմբերի 6-ին դատապարտում են 30 օրվա կալանքի, սակայն այնուհետև նրա պատիժը քանիցս երկարաձգում են. Նարդարանում անցկացվող հատուկ գործողությունների ընթացքում ոստիկանությունը Գասիմովի տանը «զենք, զինամթերք է հայտնաբերում» և նա մինչ օրս անազատության մեջ է:

Գասիմովի և նրա կողմնակիցների ձերբակալություններից հետո Նարդարանում բողոքի ցույցերը աստիճանաբար թեժանում են: Իրադարձությունների նման զարգացմանը զուգընթաց նոյեմբերի 26-ին՝ կեսօրվա նամազի ժամանակ ներխուժելով Նարդարանի «Իմամ Հուսեյնի» մզկիթ, ոստիկանությունը բռնություն է գործադրում հավաքվածների նկատմամբ, ձերբակալում շուրջ 15 հավատացյալների: Ձերբակալվածների թվում էր նաև «Մուսուլմանական միասնություն» հավատացյալների միավորման ղեկավար Թալեհ Բաղիրզադեն: Ոստիկանները նաև պոկում են կրոնական բովանդակությամբ պաստառները, դրոշները և դրանց փոխարեն տեղադրում Ադրբեջանի դրոշը: Դրան հետևած բախումներում զոհվում է 4 նարդարանցի և 2 ոստիկան, ավելի ուշ հիվանդանոցում մահանում է վիրավորվածներից ևս մեկը, այդպիսով կորուստների թիվը հասնում է 7-ի:

Վրդովված նարդարանցիները փակում են Մաշտաղա–Նարդարան մայրուղին, իսկ ներքին զորքերը շրջապատում են ավանը, և սկսում խուզարկել բնակիչների տները:

Նարդարանում ոստիկանության և հավատացյալների միջև բախումներ. 2015 թ. նոյեմբեր

Նարդարանում ոստիկանության և հավատացյալների միջև բախումներ. 2015 թ. նոյեմբեր

Արդեն նոյեմբերի 26–27-ին իշխանությունները դադարեցնում են ավանին գազի և էլեկտրականության մատակարարումը, և «անցագրային ռեժիմ» հաստատում: Նման քայլերն է´լ ավելի են սրում իրավիճակը:  Բնակիչների մի մասին սկսում են հոսանք տալ միայն դեկտեմբերի 12-ից՝ պահանջելով, որ նրանք նախապես վճարեն հոսանքի համար կուտակված պարտքերը: Նշենք, որ այդ օրերի տևական հոսանքազրկումները ամենևին էլ նոր երևույթ չէին, և նման բան եղել է նաև նախորդ տարիներին: Իշխանամետ մամուլը նշում էր, որ Նարդարանի բնակիչները 10 տարի հոսանքի համար չեն վճարել:

Մեղանդրանքներ Իրանին և իրանական արձագանքները

Դեպքերի առնչությամբ նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը համատեղ հայտարարությունում պնդում են, որ ավանի շիաները երկրի սահմանադրությունը փոխելու և շարիաթ հաստատելու նպատակով ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» կազմակերպությունը, կողմնակիցներ ձեռք բերել երկրի այլ շրջաններում և նրանց ապահովել զենքով:

Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն նարդարանյան իրադարձություններին հետևյալ բնութագրումն է տվել. «Այսօր Ադրբեջանի բարօրությունը չցանկացող մի շարք ուժեր փորձում են օգտագործել կրոնական ֆակտորը և խուճապ ստեղծել: Իսլամը եղբայրության կրոն է: Թալեհ Բաղիրզադեի նման մարդիկ ցանկանում են կործանել ադրբեջանական պետությունը»: Բաքվի քարոզչական լավագույն ավանդույթներին համաձայն Փաշազադեն նաև «հայկական հետք է փնտրել» նշված իրադարձություններում:

Բողոքները Նարդարանով չեն սահմանափակվում՝ տարածվելով նաև Ադրբեջանի այլ շրջաններում: Մասնավորապես բախումներ են լինում Գյանջայում (Գանձակ), որտեղ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը ոստիկանները մի քանի անգամ «ծայրահեղականներին ձերբակալելու» հատուկ գործողություններ են իրականացնում (1, 2, 3): Նոյեմբերի լույս 27-ի գիշերը բողոքի ցույցեր են սկսվում նաև հիմնականում թալիշաբնակ Լենքորանում (Իրանի սահմանին մոտ շրջան), որտեղ ոստիկանները նույն օրը փորձում են ձերբակալել տեղացի հեղինակավոր շիա հոգևորական Էլման Աղազադեին: Ցուցարարների ճնշման ներքո Աղազադեի ձերբակալությունն այդ օրը չի հաջողվում, սակայն նրան ձերբակալում են նոյեմբերի 29-ին՝ հաջորդ օրը տեղափոխելով Բաքու: Այդ օրերին Գյանջայում և Լենքորանում ձերբակալվում է շուրջ 20 հոգի:

Նարդարանում ոստիկանության և հավատացյալների միջև բախումներ. 2015 թ. նոյեմբեր

Նարդարանում ոստիկանության և հավատացյալների միջև բախումներ. 2015 թ. նոյեմբեր

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ, Միլլի մեջլիսի կրոնական կառույցների և հասարակական միավորումների հանձնաժողովի նախագահ Սիավուշ Նովրուզովը հարցազրույցում նշել է. «Նարդարանում կան այլ պետությունների ազդեցության տակ գտնվող մարդիկ, նրանք կրթություն են ստացել այլ երկրներում, հովանավորվել նրանց կողմից: Այստեղ զգացվում է Իրանի ազդեցությունը»: Ըստ երեսփոխանի՝ այդ մարդկանց «ուղեղը մտցնում են, թե իբր Ադրբեջանի պետական կառուցվածքը սխալ է  և պետք է փոխվի»: Նշենք, որ Նովրուզովը իր խոսքում հիմնականում մեղադրում է ոչ թե հենց Իրան պետությանը, այլ՝ «Իրանի որոշ պաշտոնյաների, որոնք ցանկանում են երկրների հարաբերությունները փչացնել»:

Անկախ Ադրբեջանի իշխանությունների կողմից արված հակաիրանական հայտարարությունների՝ որոշ վերլուծաբաններ Իրանի դերակատարման մասին պնդումները չափազանցված են համարում: «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» աշխատակից և լրագրող Շահին Ռզաևը, չժխտելով Իրանի՝ Նարդարանում ունեցած դերակատարման փաստը, խնդիրը կապում է երկրում առկա տնտեսական դժվարությունների հետ:

Եվրախորհրդարանում քաղաքական խորհրդական, ազգությամբ ադրբեջանցի, Էլդար Մամեդովը համոզված է, որ Իրանն Ադրբեջանում անկայունություն սերմանելու նպատակ չունի: Նրա կարծիքով Նարդարանի դեպքերը ներքին դրդապատճառներ ունեն:

Իսկ մի խումբ ադրբեջանցի մտավորականներ էլ հանդես են գալիս իշխանությանը դատապարտող կոչերով՝ համարելով, որ կառավարությունը նարդարանցիներին ահաբեկիչներ որակելու որևէ հիմք չունի: Ըստ նրանց՝ Ադրբեջանը, լինելով նավթային պաշարներով հարուստ երկիր, ԻՊ-ի ուշադրության կենտրոնում է, և այդ կառույցը փորձում է իր նպատակներին հասնելու համար սադրիչ գործողություններով նարդարանցիներին որակել որպես ԻՊ-ի անդամներ ու բախումներ հրահրել: Մտավորականների «մտքի թռիչքն» անգամ հասնում է նրան, որ հայտարարում են, իբր «ԻՊ-ի լրտեսները ներթափանցել են Ադրբեջանի ներքին զորքեր և այդ նրանք են սպանել ոստիկաններին ու մեղքը բարդել նարդարանցիների վրա»: Այս տեղեկությունները տարածվել են նաև «Միր» միջպետական հեռուստաալիքի ռեպորտաժներում (1, 2):

Ի պատասխան Ադրբեջանում հնչող մեղադրանքների՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հայտարարում է. «Իրանը Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու նպատակ երբեք չի հետապնդել և Նարդարանի իրադարձություններում որևէ դերակատարում չի ունեցել: Իրանը մշտապես ցանկացել է կայունություն և խաղաղություն բարեկամ երկներում և սկզբունքորեն դեմ է խնդիրների բռնի ուժով կարգավորմանը: Անշուշտ, Ադրբեջանի պետական մարմինների կողմից Իրանի միջամտության վերաբերյալ որևէ ապացույց ներկայացնելու դեպքում, խնդիրը կքննարկվի»:

Սակայն ի տարբերություն պաշտոնական հայտարարության՝ Ադրբեջանի Լենքորանի շրջանին սահմանակից Իրանի Աստարա քաղաքի հոգևոր առաջնորդ Քազեմ Հաֆեզ Նիան, անդրադառնալով Նարդարանի իրադարձություններին, նշել է. «Ադրբեջանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն հավատացյալների հանդեպ ոստիկանների իրագործած բռնությունների համար: Ադրբեջանում շիաները ապահով չեն, նրանք սգո ծիսակատարությունները իրականացնում են վախի մթնոլորտում»:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ջաբարի Անսարին հայտնում է, որ Իրանն ուսումնասիրում է Նարդարանի իրադարձությունների դրդապատճառները: Նա նաև երկու երկրներին զգոնության կոչ է հղում, որպեսզի կարողանան խուսափել հարաբերությունների վատթարացումից:

Իրանի մեջլիսի պատգամավորներ Նադեր Ղազիպուրը և Ֆարհադ Բաշիրին գրավոր դիմում են ներկայացնում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին՝ Ադրբեջանի դեսպանից շիաների սպանության համար բացատրություն պահանջելու: Իսկ պատգամավորներ Մանսուր Հաղիղաթպուրը և Մոհամմադ Իսմաիլ Սաիդին, դիմելով Զարիֆին, պահանջում են, որ Իրանը Նարդարանի իրադարձությունների հետ կապված հստակ դիրքորոշում արտահայտի: Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Մեհդի Նալբանդին Նարդարանի իրադարձություններն այսպես է բնութագրել. «Այդ միջադեպի հիմնական մեղավորը Ադրբեջանն է: Հավատացյալների վրա նման հարձակում կարելի է սպասել ահաբեկչական խմբավորումներից, բայց ոչ՝ կառավարությունից»: Նա նաև նշել է, որ եթե Ադրբեջանի շիաների վիճակը նմանվի Բահրեյնի շիաների վիճակին[2], ապա Իրանը պետք է նրանց աջակցություն ցուցաբերի:

Տեղի ունեցածի նկատմամբ իր մտահոգությունն է արտահայտել նաև Իրանի Արդաբիլ նահանգում երկրի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին. «Ադրբեջանում տեղի ունեցածը մտահոգիչ է, Ադրբեջանից մեզ դիմած հավատացյալները, ինչպես նաև իրանցի ազարիները ստեղծված իրավիճակի կապակցությամբ խիստ մտահոգված են»:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Մոջթահեդ Շաբեսթարին՝ դատապարտելով ադրբեջանական իշխանություններին, կոչ է արել մարդասիրական վերաբերմունք դրսևորել շիաների նկատմամբ: Իր հայտարարությունում նա նշել է. «Իրանը ոչ մի մասնակցություն չի ունեցել այս իրադարձություններին, Նարդարանում տեղի ունեցածը հեղափոխական շարժում է: Եթե Ադրբեջանը վերջ չդնի այս ռեպրեսիվ գործողություններին, ապա Իրանը ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ»։

Իրանական լրատվամիջոցնեը ևս ակտիվորեն հրապարակել են այս իրադարձությունների մասին տեղեկություններ՝ դրանք որակելով հակաշիայական, իսկ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց ցույցեր են անցկացվել:

Ներկա իրավիճակ

2016 թ. հոկտեմբերի 13-ին ընդդիմադիր Contact.az լրատվակայքն ամփոփ տեղեկություններ էր հրապարակել «Նարդարանի գործով» ձերբակալվածներից, համաձայն որի՝ 2015 թ․ նոյեմբերից ի վեր ձերբակալվել և կալանավորվել է ավելի քան 200 անձ, որոնցից 87-ը դեռ կալանքի տակ են, մյուսներին ազատ են արձակել։

Նարդարանի դեպքի առթիվ ձերբակալվածներից մի մասի, այդ թվում և Թալեհ Բաղիրզադեի, նկատմամբ հարուցված գործը ընթացքի մեջ է: Ձերբակալվածները հիմնականում մեղադրվում են դիտավորյալ սպանության և սպանության փորձի, ահաբեկչության, զանգվածային անկարգություններ հրահրելու և իրականացնելու, զենքի, զինամթերքի, պայթուցիկ իրերի և սարքերի անօրինական ձեռքբերման, կրոնական ատելություն սերմանելու, իշխանությունը բռնի ուժով գրավելու փորձի համար:

Նշենք, որ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին էլ ձերբակալվել է իր ֆեյսբուքյան էջում Նարդարանի դեպքերի կապակցությամբ արված գրառումների համար և 2015-ի դեկտեմբերի 8-ին դատարանը որոշել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը:  Նրան մեղադրում են պետության դեմ կոչեր իրականցնելու, ազգային, ռասսայական, սոցիալական կամ էլ կրոնական ատելություն տարածելու, իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու և զանգվածային անկարգությունների կոչեր անելու մեջ:

2016 թ. հոկտեմբերի 21-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Նարդարանի դեպքերի համար մեղադրյալների դատական նիստի ժամանակ, Բաղիրզադեն, Գահրամանլին և Աբբաս Հուսեյնովը հայտարարել են, որ Բաքվում գտնվող Քյուրդախանի կալանավայրում իրենց և այլ ձերբակալվածներին նկատմամբ բռնություններ են կատարվում: Հուսեյնովը հայտնել է, որ իր մարմնի վրա դեռ մնացել են խոշտանգումների հետքերը, բայց բանտային բժիշկները հրաժարվում են դրանք արձանագրել:

Նոյեմբերի 11-ին դատական հերթական նիստի ժամանակ Աբբաս Հուսեյնովը կրկնել է իր հայտարարությունը, որ հետաքննության ընթացքում իր և մյուս բանտարկյալնների նկատմամբ ճնշումներ են իրականացվել՝ հավելելով, որ մեղադրյալների ընտանիքների անդամները և ընկերները նույնպես բռնությունների են ենթարկվում, նրանց սպառնում են։

Ընդհանուր առմամբ, Նարդարանի հետ կապված ձերբակալությունները կարելի է բաժանել 3 փուլի.

  1. Ձերբակալություններ նախքան նոյեմբերի 26-ի դեպքեր: Այս փուլում ձերբակալվել են «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդի տեղակալ Էլչին Գասիմով և նրա ազատությունը պահանջող շուրջ 20 անձ
  2. Բուն Նարդարանի դեպքերի ժամանակ՝ նոյեմբերի 26-ին, ձերբակալվածներ՝ Թալեհ Բաղըրզադե և նրա կողմնակիցները
  3. Նարդարանի դեպքերից հետո ձերբակալվածներ, որոնց թվում է նաև Ֆուադ Գահրամանլին: Կալանավորվածների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 87 անձ:

Եզրակացություն

2015 թ․ դեպքերը կարելի է դիտարկել որպես դեռևս 1990-ականներից Նարդարանում և ավանի շուրջ զարգացումների տրամաբանական շարունակություն։ Սակայն եթե նախորդ բախումներում նարդարանցիներին հաջողվում էր պահպանել կիսանկախ դրությունը, ապա 2016 թվականից Ադրբեջանի իշխանությունը կարողացավ խիստ վերահսկողություն սահմանել ավանում։ Սակայն նույնիսկ այս պարագայում հնարավոր չէ բացառել նաև ապագայում որոշակի ցնցումները Նարդարանում, քանի որ առիթները բազմաթիվ են.

  • Նարդարանի բնակիչներն այդպես էլ հետ չեն կանգնում շիայական իսլամի պահպանողական ավանդույթներից;
  • Բնակիչների՝ կրոնի հետ կապված պահանջները չեն կատարվել. հիջաբը շարունակում է արգելված մնալ դպրոցներում, կրոնական տոների; ծիսակարգերի զանգվածային անցկացումը մզկիթների տարածքներից դուրս արգելված է, Աշուրայի երթերը առհասարակ 2016 թ. հոկտեմբերին ընդունված օրենքով արգելվել են;
  • Ձերբակալված են մնում Նարդարանի տասնյակ բնակչներ, այդ թվում՝ հեղինակավոր հոգևորականներ;
  • Ավանի բնակիչների ոչ բոլոր սոցիալական խնդիրներն են լուծված։

Սակայն ներկա դրությամբ անցյալի բախումների պես մասշտաբային ու կատաղի միջադեպերի կրկնվելու հավանականությունն այնուամենայնիվ նվազել է, քանի որ ավանում հաստատվել է հատուկ հսկողություն, հիմնական ակտիվ գործիչները ձերբակալված են, ինչը բնակիչներին զրկում է կազմակերպչական ներուժից։

Նարդարանում 2016 թ. կառուցված ոստիկանական բաժանմունքի շենքը

Նարդարանում 2016 թ. կառուցված ոստիկանական բաժանմունքի շենքը

Իրանագետ Տոնոյան Արտյոմի անդրադարձը

Մեզ հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ 2015 թ. նոյեմբերի 26-ից Նարդարանում հատուկ գործողությունների իրականացումը ուներ շատ ավելի խորքային պատճառներ, քան փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները: Ըստ Տոնոյանի՝ Ադրբեջանի իշխանությունները նման գործողությունների գնացին ելնելով մի շարք հիմնական պատճառներից, որոնցից առաջինը սեփական իշխանությունը կորցնելու վախն էր՝ ավելացնելով. «իսկ Նարդարանցիները իրենց որդեգրած կեցվածքով, հայացքներով կարող էին իրական վտանգ ներկայացնել ադրբեջանական իշխանությունների համար: Եթե հաշվի առնենք նաև [հնարավոր] շղթայական ռեակցիան: Իրականում միակ հիմնական միջոցը, որ մարդկանց կարող էր թույլ տալ դուրս գալ փողոց՝ կրոնական ծեսերը և արարողություններն էին… և վերջին կետը հենց մարդկանց կրոնական ցույցեր, արարողություններ անցկացնելու հնարավորությունից զրկելն էր:

Հաջորդ հիմնական պատճառներից մեկը, որը թերևս ավելի խորքային է, սակայն հաճախ կարող է երևացող չլինել, ադրբեջանական հասարակության՝ իրանական վերադարձի հանդեպ վախն է:  Դեռևս ցարական տարիներից այսօրվա ադրբեջանական հանրապետության հասարակությանը իրանական ինքնությունից կտրելու ուղղությամբ քայլեր են իրականացվում:  Այս գործողությունները, թերևս, կարելի է դիտարկել նաև այս համատեքստում: Շիայականության հետ կապված ցանկացած միջոցառում պարունակում է նաև իրանականության տարր»:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ Նարդարանում «հակաիշխանական տրամադրությունների ձևավորման գործում մեծ է Իրանի մասնակցությունը»՝ Տոնոյանը նշեց, որ որևէ տեղեկություն չկա, որը ապացուցի Իրանի անմիջական ազդեցությունը: Սակայն նա նաև նշեց, որ Իրանը աշխատում է Ադրբեջանում շիայականության միջոցով իր ազդեցությունը տարածելու համար, բացի այդ, Իրանում կրթություն են ստանում ադրբեջանցի հոգևորականներ, և, ենթադրաբար, իրանական հատուկ ծառայությունները որոշակի աշխատանք տանում են նրանց հետ: Տոնոյանն ավելացրեց, որ Նարդարանի դեպքերին հաջորդեցին ձերբակալություններ նաև Գյանջայում և Լենքորանում, որոնք համարվում են իրանական ազդեցության գոտիներ: Սակայն, Տոնոյանի խոսքերով, ամեն դեպքում շատ դժվար է գտնել Նարդարանի դեպքերի վրա Իրանի միջամտությունը հաստատող ապացույցներ:

Ամփոփելով իրադարձությունները՝ Տոնոյանը նշեց. «Այս պահի դրությամբ, Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է հաղթահարել շիայականության գործոնը: Եթե ամփոփենք 1 տարվա իրադարձությունները, ապա 2015 թ. դեպքերից շուրջ մեկ տարի անց՝ 2016 թ. հոկտեմբերին, նույն Աշուրայի օրերին, ընդունվեց օրենք, որը արգելում է կրոնական որևէ միջոցառման ժամանակ փողոց դուրս գալը: Սա այն արդյունքն էր, որին կարողացավ հասնել Ադրբեջանի իշխանությունը, քանի որ այս օրենքի հանդեպ որևէ լուրջ բողոքի ցույց չեղավ, օրենքն անցկացվեց շատ հեշտությամբ: Հիմնական հոգևոր գործիչները, որոնք կարող էին դեմ դուրս գալ օրենքի ընդունմանը, Նարդարանի իրադարձությունների ընթացքում և հետո երկրի ողջ տարածքում արդեն ձերբակալվել էին: Աշուրայի ընթացքում օրենքը հիմնականում պահպանվեց, նախկինի նման արարողություններ անցկացվեցին թերևս միայն մեկ բնակավայրում՝ Սահիլիում, իսկ մյուս վայրերում, կարելի է ասել, լռություն էր»:

Տոնոյանը նշեց, որ իրանական կողմը շատ պասիվ է անդրադարձել բոլոր այս  իրադարձություններին, ինչը քննադատում են նաև իրանական մամուլում: Նշվում էր, որ Ադրբեջանի սանձարձակությունը պետք դիտարկել նաև այս համատեքստում, որ Իրանը համապատասխան կերպով չարձագանքեց: Վերջում Տոնոյանն ավելացրեց, որ հատկապես շիայական մեծամասնություն ունեցող երկրների մեծ մասը ամեն տարի նշում են Պաղեստինի անկախության տոնը, սակայն 2016 թ. առաջին անգամ էր, որ Ադրբեջանում որևէ զանգվածային երթ, որևէ ցույց չանցկացվեց: Ըստ նրա, եթե ցույցեր լինեին, ապա դա ցույց կտար, որ Իրանն այդ հարցում ավելի լավ է աշխատում՝ քան Իսրայելը, սակայն այն ինչ եղավ՝ Նարդարանի դեպքերի և ինչ որ չափով նաև Իրանի պասիվ դիրքորոշման արդյունքն է:

Արաբագետ, «Իսլամն Ադրբեջանում. անցյալը և ներկան» մենագրության հեղինակ Փաշայան Արաքսի անդրադարձը

Արաքս Փաշայանը նշեց, որ Նարդարանն Ադրբեջանի ամենակրոնականացված շրջաններից է: Նարդարանը Ադրբեջանի շիայական արմատականության, խոմեյնիզմի և շիա իսլամիզմի կենտրոններից է: Նարդարանի բնակչությունը միշտ էլ աչքի է ընկել հակաիշխանական տրամադրություններով: Նրանք ցանկանում են, որպեսզի Ադրբեջանը դառնա իսլամական շարիաթական պետություն: Նարդարանցիներին հաջողվել է Ադրբեջանում՝ Ապշերոնի թերակղզում, ստեղծել իսլամական, կրոնական միկրոդաշտ, որտեղ նրանք ապրում են իսլամական նորմերով: Այս շրջանն առանձնանում է իր բազմաթիվ սոցիալական խնդիրներով: Պատահական չէ, որ ավանի բնակիչները իշխանություններին մեղադրում են ոչ բավարար սոցիալական ծրագրեր իրականացնելու մեջ»:

Ամփոփելով Նարդարանին վերաբերող հիիմնահարցերի քննարկումը՝ Փաշայանը նշեց, որ Նարդարանը շարունակելու է մնալ Ադրբեջանում հակաիշխանական ուղղվածություն ունեցող կրոնական և կրոնաքաղաքական ակտիվության կենտրոն: Նարդարանում կրոնը միշտ էլ փորձելու են օգտագործել ոչ միայն որպես ծիսակարգ, դավանաբանություն, այլ նաև՝ քաղաքական նկատառումներով: Դրա համար պատահական չի, որ Ադրբեջանի իշխանությունները այստեղ սահմանափակում են անգամ շատ ու շատ կրոնական արարողությունների իրականացումը: Իշխանություները մշտապես մտավախություն ունեն, որ ծեսերի իրականացումը կարող է վերաճել քաղաքական ակտիվության:

Եզրափակելով խոսքը՝ Փաշայանն ընդգծեց. « ․․․ Ճիշտ է՝ Ադրբեջանը շիայական մեծամասնության երկիր է, որտեղ իսլամի այդ ուղղությունը տիրապետող է, բայց մյուս կողմից իշխանությունը շատ կոշտ ձևերով փորձում է ճնշել կրոնաքաղաքական, այդ թվում՝ շիայական շարժումներն ու դրա ակտիվիստներին, իսկ Նարդարանը դրա տիպիկ օրինակներից մեկն է»:

[1] Այդ օրը սպանվել է Իմամ Հուսեյնը՝ Մուհամեդ Մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի և Մուհամեդի հետևորդ, չորրորդ ուղղափառ խալիֆ ու շիաների առաջին իմամ Ալիի որդին, ով համարվում է շիաների երրորդ իմամը։ Մահվան օրը իսլամական մուհարրեմ ամսվա 10-րդ օրն է, որը համընկնում է հոկտեմբերի տարբեր օրերի։ Ծիսակատարությունները տևում են 10 օր։ Աշուրայի արարողությանը պահպանողական շիաներն իրենք իրենց տանջում են, մինչև արյուն հեղվի, որպեսզի իերնց մաշկի վրա զգան Հուսեյնի տանջանքները։ Ներկայումս, սակայն, շիաների զգալի մասը սդահմանափակվում են կուրծքը ծեծելով։ Ադրբեջանում այս օրը առհասարակ իշխանություններն արգելում են դաժան գործողությունների դիմել, անցկացնել հրապարակային միջոցառումներ։ Թուլատրվում է չափավոր ծիսակատարություններ անցկացնել միայն մզկիթների տարածում։ Սակայն հատկապես Նարդարանում Աշուրայի սգո արարողությունը հաճախ վերաճել է կրոնական և սոցիալական պահանջներով ցույցերի։

[2] Չնայած նրան, որ Բահրեյին բնակչության մեծամասնությունը (առնվազն 70 %) շիա են, երկրը ղեկավարում է սուննի միապետ, ով խտրական քաղաքականություն է վարում: Իշխանական օղակներում ներգրավված անձանց ճնշող մեծամասնությունը նույնպես սուննի փոքրամասնության ներկայացուցիչներ են: Սա պարբերաբար հանգեցնում է շիաների բողոքի ցույցերի, որոնք, սակայն, իշխանության կողմից ճնշվում են: Առավել մանրամասն տես. Bahrain country profile. // BBC News. 01.09.2016 – URL: http://www.bbc.com/news/world-middle-east-14540571

Հոդվածի հեղինակներ՝

Սոնա Սուքիասյան
Ժաննա Վարդանյան
Տարոն Հովհաննիսյան

One response to “Նարդարան. Ադրբեջանի շիաների ըմբոստ ավանը մեկ տարի անց

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *