Իրանը տեղական արտադրության ռադարային համակարգ, ուղղաթիռ և նավ կներկայացնի

Նոյեմբերի 21-ին  մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին հայտարարել է, որ շուտով Իրանը կներկայացնի տեղական արտադրության ռադարային համակարգ, որը  կարող է օգտագործվել ռադիոէլեկտրոնային պայքարում, ինչպես նաև  3 ուղղաթիռ և օդային բարձիկով 5  նավ: Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Ուղղաթիռները և նավերը ներկայացվելու են դեկտեմբերի 6-ին:

Իրանի զինված ուժերի ռադիոտեղորոշման ռադար

Իրանի զինված ուժերի ռադիոտեղորոշման ռադար

Միաժամանակ Հաբիբոլահ Սայարին հայտարարել է, որ Իրանի ՌԾՈւ-ն ընթացիկ տարում արդեն անցկացրել է 10 զորավարժություն և մոտ օրերս կանցկացնի  վարժանքներ  սուզանավերի ներգրավվածությամբ , ինչպես նաև որոնողափրկարարական վարժանքներ Օմանի հետ:

Նշենք, որ  իրանական օրացույցով բահման ամսին (հունվարի 20 — փետրվարի 18, 2017) Իրանի ՌԾՈւ-ն  Հնդկական օվկիանոսում  կանցկացնի «Վելայեթ 95» զորավարժությունը:

Իսկ 2016-ի տարեսկզբին Իրանի ռազմածովային ուժերն անցկացրել են «Վելայեթ 95-ի» նախորդ՝  «Վելայեթ 94» զորավարժությունը:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ հոկտեմբերին, Իրանը  ներկայացրել է «Մերաջ-4» և «Մաթլա օլ Ֆաջր-3» ռադարները: Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի խոսքերով՝ «Մերաջ-4» ռադարը  սպառազինված է ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներով  և կարող է հետևել 200 թիրախի, իսկ «Մաթլա օլ Ֆաջրը» կարող է թիրախները հայտնաբերել 500կմ հեռավարության վրա:

Նախորդ տարվա սեպտեմբերին էլ Իրանը շահագործման էր հանձնել  Nazir և Bina ռադարները, ռադիոտեղորոշման նոր Qaem համակարգը:

One response to “Իրանը տեղական արտադրության ռադարային համակարգ, ուղղաթիռ և նավ կներկայացնի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *