Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սիրիայում Թուրքիայի զինուժի՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքում Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում սպանվել է 3 զինծառայող, ևս 10-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: 

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Համաձայն աղբյուրի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Էլ-Բաբի մոտակայքում գտնվող Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա, ինչի արդյունքում էլ սպանվել և վիրավորվել են Թուրքիայի զինուժի զինծառայողները: Վիրավորվածներին ուղղաթիռներով տեղափոխել են երկրի հարավային Քիլիս և Գազիանթեփ նահանգի հիվանդանոցներ:

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 23-ին, Թուրքիայի օդուժը Էլ-Բաբի մոտակայքում հարվածել է ԻՊ զինյալների դիրքերն և ոչնչացրել է ԻՊ 8 թիրախ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ԻՊ գրոհայինները Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈւ երկու տանկ են խոցել, ինչի հետևանքով տանկերի անձնակազմից 3 զինծառայող սպանվել է, ևս 4-ը վիրավորվել են:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

One response to “Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

  1. Pingback: Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում և Ռուսաստանի գործոնը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *