«Անտոնովի» նախկին գլխավոր կոնստրուկտորը պատրաստվում է Ադրբեջանում «ավիաշինություն ստեղծել»

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության նախկին նախագահ և գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան հայտարարել է, որ ընկերությունում իր պաշտոնի վերացնելուց հետո տեղափոխվել է Բաքու և զբաղվելու է «Ադրբեջանի ինքնաթիռաշինական արդյունաբերության ստեղծմամբ»:

Նոյեմբերի 18-ին ուկրաինական«Նեզավիսիմայա Ուկրաինա» լրատվակայքին տված հարցազրույցում Կիվան նշել է, որ Ադրբեջանում այդ աշխատանքը «դատարկ տեղում» չի սկսելու, քանի որ «այնտեղ գործում է բավականին հզոր ավիաընկերություն՝ «Ադրբեջանի ավիաուղիները», ինչպես նաև կա քաղավիացիայի ակադեմիա, որտեղ ոլորտի համար մասնագետներ են պատրաստում, իսկ իրեն առաջարկել են պրոֆեսորի պաշտոն»։

Հարցազրույցի հեղինակն իր հերթին հիշեցնում է, որ Ադրբեջանը «Անտոնովից» պատվիրել է 10 միավոր Ան֊178 ռազմական բեռնատար ինքնաթիռ՝ հետագայում նպատակ ունենալով տեղում կազմակերպել ինքնաթիռների հետագա արտադրությունը։ Սրանից հեղինակը հետևություն է անում, որ Կիվային հրավիրել են Ան֊178֊ների հետագա արտադրությունը կազմակերպելու նպատակով։

Հարցազրույցի ավարտին, լրագրողի հարցին ի պատասխան Կիվան նշում է, որ չի բացառում նաև ուկրաինական ավիաշինության այլ մասնագետների արտահոսքն Ադրբեջան, եթե Ուկրաինայում այդ ոլորտում դրությունը դեպի լավը չփոխվի։

Նոյեմբերի 21-ին Կիվան արդեն Բաքվից ռուսաստանյան  Rambler News Service գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է այդտեղ աշխատելու մասին իր հայտարարությունը։

Ադրբեջանական ավիաուղիների նախագահ Ջահանգիր Ասկերովը և «Անտոնովի» նախագահ Միխայիլ Գվոզդևը՝ Ան-178 ինքնաթիռի մոտ

Ադրբեջանական ավիաուղիների նախագահ Ջահանգիր Ասկերովը և «Անտոնովի» նախագահ Միխայիլ Գվոզդևը՝ Ան-178 ինքնաթիռի մոտ

Ադրբեջանին Ան-178 ինքնաթիռներ մատակարարելու հարցի շուրջ.

2015 թ. մայիսին «Ադրբեջանական ավիաուղիներ» քաղաքացիական ընկերության և «Անտոնովի» միջև ստորագրված պայմանագրով Ադրբեջանին մատակարարվելիք 10 միավոր Ան-178 ռազմական բեռնատար ինքնաթիռներից առաջինն ադրբեջանական կողմին նախատեսվում է տրամադրել 2018 թ. կեսերին:

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հետագայում ինքնաթիռները նախատեսվում է արտադրել Ադրբեջանում։ Սակայն «Անտոնովի» նոր նախագահ Միխայիլ Գվոզդևն ընդգծել է, որ խոսքը միայն հավաքման մասին է, և որևէ տեխնոլոգիա Ադրբեջանին չի փոխանցվելու: 2016 թ. հուլիսի 8-ին Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Գենադի Զուբկոն հայտարարեց, որ ուկրաինական կողմն արդեն նախնական գումար է ստացել Ադրբեջանին մատակարարվելիք ինքաթիռների համար:

Չնայած ուկրաինական կողմի խոստումներին, «Անտոնովը» հավանաբար չի հասցնի մինչև 2018 թ. այդ պատվերը կատարել. Ան-178 ինքնաթիռի առաջին փորձնական օրինակը ներկայացվել է հանրությանը 2015 թ. դեկտեմբերին և մինչ օրս այն մնում է ինքնաթիռի միակ օրինակը։ Այն դեռևս փորձարկման փուլում է, և պատրաստ չէ սերիական արտադրության։

Սա առաջին դեպքը չէ, երբ «Անտոնովը» ուշացնում է ինքնաթիռների հավաքումը, կամ առհասարակ չի կառուցում։ Նմանատիպ իրավիճակ մասնավորապես ստեղծվել է 2005-2006 թվականներից, երբ ընկերության ղեկավարությունը ստանձնել է նույն Դմիտրի Կիվան։

Ան-178 ռազմական բեռնատար ինքնաթիռի ցամաքային փորձարկումից (ռազմական մեքենայի բեռնում)

Ան-178 ռազմական բեռնատար ինքնաթիռի ցամաքային փորձարկումից (ռազմական մեքենայի բեռնում)

2005-2015 թթ․ «Անտոնովում» արտադրվել է 45 միավոր «Ան» սերնդի ինքնաթիռ, այդ թվում՝

  • 37-ը դեռևս 2004-ին՝ ընկերության նախկին ղեկավար և գլխավոր կոնստրուկտոր Պյոտր Բալաբուևի օրոք նախագծված և կառուցված Ան-148 միջին մագիստրալային ուղևորափոխադրող ինքնաթիռ։ Հիմնական շահագործողը ռուսաստանյան ավիաուղիները և ՊՆ-ն են։
  • 6-ը՝ Ան֊148-ի արդիականցված տարբերակ՝ Ան֊158 միջին մագիստրալային ուղևորափոխադրող ինքնաթիռ։ Ինքնաթիռն արտադրության է դրվել 2011 թ., սակայն մինչ օրս արտադրվել է միայն 6 միավոր, որոնք արտահանվել են Կուբա: Դեռևս 2012-ին Կուբային պետք է մատակարարվեր ևս 4 միավոր, նույնքան էլ՝ Իրաքին։ Սակայն մինչ օրս ինքնաթիռները դեռ պատրաստ չեն։
  • 1 միավոր ԱՆ-70 ռազմական բեռնատար ինքնաթիռ, որը 2016-ին հանձնվել է Ուկրաինայի ԶՈւ սպառազինությանը: Ինքնաթիռի փորձնական տարբերակի առաջին թռիչքը եղել է դեռևս 1994 թ.:
  • Եվս 1 միավոր Ան-178, որը, ինչպես արդեն նշել ենք, դեռևս փորձարկման փուլում է: Այս ինքնաթիռը նույնպես Ան-148-ի արդիականացում է։

Ըստ այդմ Ադրբեջանում Ան-178-ների հավաքման կենտրոնի կառուցումը դեռևս հարցականի տակ է, քանի որ նախագծող ընկերությունը դեռ չի կարողանում հավաքել ինքնաթիռները։

Բացի այդ, ինչպես նշել է Դ․ Կիվան, 2015 թ. մայիսից մինչ օրս «Անտոնովի» արտադրողականությունը զրոյական է՝ որևէ ինքաթիռ չի թողարկվել:

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության նախկին նախագահ-գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության նախկին նախագահ-գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան

Այնուամենայնիվ, Կիվայի կոնստրուկտորական փորձը կարող է օգտագործվել նաև Ադրբեջանում հնարավոր կառուցվելիք մեկ այլ կենտրոնում. Այսպես, 2016 թ. օգոստոսի 8-ին Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել էր, որ Ադրբեջանում կգործեն ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռների արդիականացման կենտրոն:

Ավելացնենք, որ 2008-ին ռուս-վրացական հակամարտությունից հետո սրված հարաբերությունների պատճառով Վրաստանը դադարել էր իր երկրի տարածքում վերանորոգել և արտադրել ՍՈւ-25 կործանիչներ՝ 2010 թ. տեխնոլոգիաները փոխանցելով Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով ներկայումս Ադրբեջանի Սումգայիթի շրջանում գործում է Սու-25 ինքնաթիռների կապիտալ վերանորոգման կենտրոն։

Ան-178 ռազմական բեռնատար ինքնաթիռի ցամաքային փորձարկումից (ռազմական մեքենայի բեռնում)

Ան-178 ռազմական բեռնատար ինքնաթիռի ցամաքային փորձարկումից (ռազմական մեքենայի բեռնում)

Հավելենք, որ Կիվան իր հեռանալու պատճառների մասին խոսելիս նշել էր.

««Անտոնով» պետական ընկերությունում իմ հաստիքը ուղղակի կրճատեցին… Իմ ունեցած տեղեկություններով՝ դա արվել է «բարձր ղեկավարության» ցուցումով: Այդ իսկ պատճառով, ինձ այլ ելք ուղղակի չէր մնում»:

Ուկրաինական արտադրության Ան-178 ռազմական բեռնատար ինքնաթիռ

Ուկրաինական արտադրության Ան-178 ռազմական բեռնատար ինքնաթիռ

Ուկրաինական «Անտոնով» ավիաշինական ընկերության ինքնաթիռների հավաքման արտադրամաս

Ուկրաինական «Անտոնով» ավիաշինական ընկերության ինքնաթիռների հավաքման արտադրամաս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *