Ռուսաստանը դիտորդական թռիչք է անցկացնելու Թուրքիայի օդային տարածքում

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության պայմանագրերի կատարման վերահսկման վարչության պետ Սերգեյ Ռիժկովը հայտնել է, որ Ռուսատանը նոյեմբերի 21-25-ը  Ան-30Բ օդային հետախուզության ինքնաթիռով դիտորդական թռիչք է անցկացնելու Թուրքիայի օդային տարածքում:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի «Ան-30» օդային հետախուզության ինքնաթիռ

ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի «Ան-30» օդային հետախուզության ինքնաթիռ

Դիտորդական թռիչք կատարվելու է երկու երկրների վավերացրած «Բաց երկնքի» միջազգային պայմանագրի համաձայն:

Ռիժկովը հայտարարել է նաև, որ թռիչքը կատարվելու է ըստ համաձայնեցված  ուղու, իսկ թուրքական կողմն էլ հետևելու է, որ թռիչքը իրականացվի՝ համաձայն «Բաց երկնքի» պայմանագրի դրույթների: Թռիչքի համար օգտագործվելու է Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր քաղաքի օդակայանը:

Նա նաև հայտնել է, որ սա Ռուսաստանի 39-րդ դիտորդական թռիչքն է պայմանագիրը ստորագրած երկրների օդային տարածքում:

Հիշեցնենք, որ 2016-ի փետրվարին Թուրքիան Ռուսաստանին չի թույլատրել դիտորդական թռիչք կատարել իր երկրի օդային սահմաններում, որպես պատճառ ներկայացնելով այն, որ կողմերը համաձայնության չեն եկել թռիչքի ուղու վերաբերյալ: Ռուսական կողմը  սա անվանել է «Բաց երկնքի» պայմանագրի խախտում և հայտարարել, որ ոչ կառուցողական գործողություններով Թուրքիան ստեղծում է պայմանագիրը վավերացրած երկրների համար չվերահսկվող ռազմական գործունեություն ծավալելու նախադեպ:

Նշենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել է ևս 7 պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։

Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել է 2001-ին, իսկ Թուրքիան՝ դեռևս 1994-ին: 2006-ին երկու կողմերը համաձայնության էին հասել փոխադարձ դիտորդական թռիչքներ անցկացնելու հարցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *