Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 նոյեմբերի – 19 նոյեմբերի, 2016

Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող • Ադրբեջանում ավելացնում են ռազմական ծախսերը • Ադրբեջանում խոշորամասշտաբ զորավարժությանը ներգրավվել են բանակի բոլորը զորատեսակները •  Ադրբեջանը զորավարժություն է անցկացնում նաև Նախիջևանում• Ռուս փորձագետը Վրաստան-ՆԱՏՕ զորավարժության մասին • Վրաստանի ՌՕՈւ հրամանատար նշանակված անձն հաջորդ օրը հրաժարական է տվել • Իրանն ու Չինաստանը կնքել են ռազմական համագործակցության համաձայնագիր • Իրանում 2 տոննա պայթուցիկ նյութ են առգրավել • Իրանը տեղական արտադրության ուղղաթիռ և տանկ կներկայացնի • Մեկնարկել է Իրանի ՌՕՈւ 8-րդ միջազգային ավիացուցահանդեսը • Ռուսաստանն Իրանին կարող է 10 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել • Անկարայում անցկացվելու է Թուրքիա–Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության հերթական նիստը • Լևոն Հովսեփյանը Թուրքիայի զինված ուժերում հեռացումների և համալրումների մասին • Թուրքիան 2018-ին կստանա 2 միավոր F-35 կործանիչ-ռմբակոծիչ • Թուրքիայում հատուկջոկատային ռազմածովայինների ընդունելություն է հայտարարվել •  Իրաքցի պատգամավորը՝ Թուրքիայի հետ հնարավոր ռազմական բախման մասին • Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել Իրանի Համադանի ավիաբազան • Միջերկրականում ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը վթարվել է անսարքության պատճառով. ՌԴ ՊՆ  • Ռուսաստանի ԶՈւ կործանիչները Սիրիայում հարվածել են ահաբեկիչների դիրքերին • Իրաքի բանակի կողմից կռվող շիա ջոկատները շարունակում են Թալ-Աֆար քաղաքի ազատագրումը

Ադրբեջանի ԶՈւ Մի-8/17 ուղղաթիռները՝ իսրայելական արտադրության Lahat հակատանկային հրթիռ կրակելիս • Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով • ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը

Ադրբեջանի ԶՈւ Մի-8/17 ուղղաթիռները՝ իսրայելական արտադրության Lahat հակատանկային հրթիռ կրակելիս • Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով • ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը

Ադրբեջան/Վրաստան

• Նոյեմբերի 15-ին,  մարտական ծառայության ժամանակ սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մալիքով Ագիլ Գիսմեթ օղլուն (Məlikov Aqil Qismət oğlu): Համաձայն հաղորդագրության՝ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի կրակոցի արդյունքում»:

• Ռազմինֆոն ներկայացնում է Ադրբեջանի նախագահի խորհրդարան ներկայացրած 2017 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որով մշակույթի, կրթության, սոցիալական պաշտպանության և այլ ոլորտների հաշվին նախատեսվում է ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը: Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցել է նոյեմբերի 12-18-ին Ադրբեջանում անցկացված խոշորամասշտաբ զորավարժության մասին, որին, ադրբեջանական կողմի պնդմամբ, ներգրավված էր 60 հազար զինծառայող:

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններ՝ հավանական մարտական գործողությունների սցենարով

Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի բանակի զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները, այդ թվում՝ ռազմածովային, զրահատանկային, ռազմաօդային, ռազմածովային և այլ ուժերը, տեղակայվել են զորավարժության անցկացման շրջաններում, ելման դիրքերում։ Նոյեմբերի 14-ին վարժանքներ են անցկացրել Ադրբեջանի ՌԾՈւ ստորաբաժանումները՝ ռազմանավերի և կատերների ներգրավմամբ:

Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ զորավարժության շրջանակներում տագնապով դուրս բերվել և զորավարժության անցկացման վայրերում վերախմբավորվել են նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները: Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն անցկացրել են նոյեմբերի 12-ից մեկնարկած զորավարժության հիմնական՝ մարտական կրակով ուղեկցված փուլը՝ հավանական մարտական գործողությունների սցենարով: Ներգրավվել են Ադրբեջանի բանակի բոլոր զորատեսակները:  Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել է զորավարժության շրջանակներում բացազատված ռազմաօդային ուժերի դաշտային շարժական հրամանատարական կետ:

Նոյեմբերի 15-ին Ադրբեջանում անցկացվող խոշորամասշտաբ զորավարժությունը շարունակվել է երկրի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ: Իսկ նոյեմբերի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և զինուժի հրամկազմն ամփոփել է նոյեմբերի 12-ից մեկնարկած խոշորամասշտաբ զորավարժության արդյունքները:

Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մեկնում են զորավարժության անցկացման շրջան

Նախիջևանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումները մեկնում են զորավարժության անցկացման շրջան

• Նոյեմբերի 15-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հրամանով վերջերս կազմավորված ռազմաօդային ուժերի հրամանատար և հրամանատարի տեղակալ էին նշանակվել փոխգնդապետներ Սերգո Նինուան և Գեորգի Ցաբաձեն: Սակայն նոյեմբերի 16-ին ՌՕՈւ նորանշանակ հրամանատարը և վերջինիս տեղակալը հրաժարական են տվել:

• Ռուսաստանյան կողմի արձագանքը նոյեմբերի 10-ից 20-ը Վրաստանում անցկացվող «Վրաստան-ՆԱՏՕ» հրամանատարաշտաբային զորավարժությանը, որին մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 պետությունների 250 ներկայացուցիչ: Ռազմինֆոն այս մասին զրուցել է «ՏԱՍՍ» գործակալության ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինի հետ։

Թուրքիա

• Դեկտեմբերի 12–14-ը Անկարայում անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան հերթական բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստը:

• Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ երկրի զինված ուժերից հեռացվել էմոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:  Այս թեմաների շուրջ Ռազմինֆոն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

• Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանում պլանավորման և բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2018-ի ընթացքում Թուրքիան կստանա ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների առաջին խմբաքանակը:

• Թուրքիայի ռազմածովային ուժերի «Ստորջրյա հարձակման» և «Ստորջրյա պաշտպանության» հրամանատարությունները հայտարարել են սպաների և ենթասպաների ընդունելության մասին:

• Նոյեմբերի 14-ին, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի Էլ-Բաբ շրջանում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 15 թիրախի:

Իրան

• Նոյեմբերի 14-ին, Թեհրանում Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ Չանգ Վանցույան և Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը ստորագրել են չին-իրանական ռազմական համագործակցության համաձայնագիր, որով նախատեսվում է համագործակցություն  մասնավորապես հակաահաբեկչական պայքարի, ռազմական փորձի փոխանակման ոլորտներում:

Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վանցյուան և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը

Չինաստանի պաշտպանության նախարար Չանգ Վանցյուան և Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը

• Իրանի անվտանգության ուժերը Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Գյարմսար քաղաքում շուրջ 2 տոննա պայթուցիկ նյութ են առգրավել, որոնցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի` ամենաքիչը 10 կետերում:

• Նոյեմբերի 16-ին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում ցուցադրելու է տեղական արտադրության «Սաբա» ուղղաթիռը և «Քարար» տանկը:

• Նոյեմբերի 16-ին, Իրանի հարավային Քիշ կղզում մեկնարկել է երկրի ռազմաօդային ուժերի 8-րդ միջազգային ավիացուցահանդեսը, որը շարունակվել է մինչև նոյեմբերի 19-ը:

• Իրանը և Ռուսաստանը բանակցում են Իրանին 10 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն, մասնավորապես Տ-90 տանկեր, հրետանային համակարգեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ մատակարարելու  հարցի շուրջ:

Սիրիա / Իրաք

• ՌԴ Դաշնային խորհրդի անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի վավերացումով պայմանավորված` դեռևս կարիք չկա օգտագործել Իրանի «Համադանի» ավիաբազան, սակայն չի բացառվում, որ Ռուսաստանը այդ հարցի շուրջ բանակցի Իրանի հետ:

• Նոյեմբերի 14-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել:

• Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա հերթապահություն իրականացնող Սու-33 կործանիչները սկսել են հարվածել Սիրիայում «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման դիրքերին:

• Նոյեմբերի 14-ից Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի ջոկատները սկսել են երկրի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքը ԻՊ զինյալներից ազատագրելու գործողության 3-րդ փուլը:

• Իրաքի խորհրդարանի իշխող կոալիցիայի մեջ մտնող «Օրենքի պետություն» կուսակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Մովաֆակ ար-Ռուբային առաջարկել է թուրքական զորքերն Իրաքից դուրս անել ռազմական միջամտությամբ, եթե դիվանագիտական ուղիները վերջացել են:

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *