ՀՀ ԶՈւ-ն կորցրել է 2 զինծառայող • Զորավարժություններ՝ հրետանու ներգրավմամբ • Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար, Վարդան Ավետիսյանը՝ ՀՀ ՊՆ խորհրդական • Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական կրթության համակարգը • Հայկական բանակը նոր կոշիկներ կունենա • Ս. Հասրաթյանը հերքել է ՀՀ ԶՈւ ԱԹՍ-ի խոցման Ադրբեջանի հաղորդագրությունը • ՀՀ ԱԺ-ում քննարկվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագիծը • Կառավարությունն ընդունել է զորակոչի կարգը սահմանող որոշում • Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել է ձմեռային զորակոչի մասին • Գործում է Վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ ԱԺ հիմնադրամ • Իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ Հայաստանի ու Իրանի ռազմական ոլորտում համագործակցության մասին • ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը նշել է 23-րդ տարեդարձը • «էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ սկսել են ձմեռային թռիչքները
• Նոյեմբերի 13-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայողներից մեկը խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակել է մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ․ մահացել է նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Հովհաննեսի Առաքելյանը։
• Նոյեմբերի 17-ին, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում, բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանը:
• ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը հրետանավորների ճամբարային հավաքի շրջանակում անցկացրել է գումարտակի կազմով և հրետանու ներգրավմամբ մարտավարական զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:
• Նոյեմբերի 15-ին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ռազմական կրթության համակարգի ձեռքբերումներն ու բացերը: Նույն հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ հայկական բանակի համար նոր կոշիկներ են արտադրվելու, որոնք նաև բրենդ են լինելու։
• Նոյեմբերի 14-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խորհրդարանին է ներկայացրել Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծային փաթեթը, ինչի հետո սկսվել է նախագծի քննարկումը՝ առաջին ընթերցմամբ:
• Նոյեմբերի 18-ին, ՀՀ կառավարությունն ընդունել է «2016թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում՝ 2016թ. նոյեմբեր – 2017թ. հունվար ամիսներին ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար, ինչպես նաև Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
• Նոյեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար՝ փոխարինելով Վարդան Ավետիսյանին, ով նոյեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական։
• Հայաստանի ու Իրանի ռազմական ոլորտում համագործակցության մասին Ռազմինֆոն զրուցել է իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։ Հայաստանն ու Իրանը, ըստ իրանագետի, ունեն միևնույն մարտահրավերը, քանի որ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են երկու երկրների դեմ։
• Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա բանակցությունները, ստորագրվել է Հայաստանի ՊՆ և Հունաստանի ՊՆ միջև 2017թ. ռազմական համագործակցության ծրագիրը։
• Նոյեմբերի 15-ին, Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ի հետ զրույցում հերքել է Թարթառի շրջանում հայկական զինուժի ԱԹՍ-ի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ նոյեմբերի 14-ի հաղորդագրությունը։
• Նոյեմբերին ՀՀ Ազգային ժողում ստեղծվել է հիմնադրամ, որի նպատակն է հայ-ադրբեջանական սահմանին զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին նյութական, սոցիալական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելը։ Ռազմինֆոն հիմնադրամի մասին զրուցել է հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի անդամ, միջազգայնագետ Էդգար Էլբակյանի հետ։
• Նոյեմբերի 15-ին, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում նշվել է վարժարանի կազմավորման 23-րդ տարեդարձը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
• Նոյեմբերի 17-ին Հայաստանում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան են այցելել Անվտանգային նոր մարտահրավերների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, դոկտոր Ջեյմի Շին և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի Հայաստանի պատասխանատու Գվեն Վամոսը:
• Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ֊29 կործանիչների օդաչուները վերսկսել են թռիչքների իրականացնումը տեխնիկայի ձմեռային ռեժիմի փոխադրման աշխատանքներն ավարտելուց հետո։
Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ։
Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ։
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info