ՀՀ ԱԺ հիմնադրամն աջակցելու է վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է հիմնադրամ, որի նպատակն է հայ-ադրբեջանական սահմանին զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքի անդամներին նյութական, սոցիալական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելը։

Նոյեմբերի 1-ից սկսած ԱԺ պատգամավորները և աշխատակազմը հիմնադրամին կամավոր փոխանցել են իրենց աշխատավարձի մի մասը՝ ընդհանուր մոտ 2 մլն դրամ: Հիմնադրամը գործելու է անժամկետ, իսկ փոխանցումների և դրանց չափի մասին տվյալները տեղադրվում են հիմնադրամի կայքում:

Վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ ԱԺ աջակցության հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի առաջին նիստը

Վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ ԱԺ աջակցության հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի առաջին նիստը

Ռազմինֆոն հիմնադրամի մասին զրուցել է հիմնադրամի աշխատանքային հանձնաժողովի անդամ, միջազգայնագետ Էդգար Էլբակյանի հետ, ում խոսքով հիմնադրամի գաղափարը ի սկզբանե ծնվել է ապրիլյան մարտական գործողություններից հետո, ըստ այդմ՝ շահառուների ցանկում առաջնային խումբ են կազմում ապրիլին հաշմանդամ դարձած և զոհված զինծառայողների ընտանիքները, բայց դա միակ թիրախային խումբը չէ։ Ըստ կարիքի նկատի են առնվելու նաև նախորդ տարիների համանման խմբերը։

 «Աշխատանքային խմբի քննարկման ժամանակ Արծրուն Հովհաննիսյանից հստակ առաջարկ է հնչել, որ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով նախորդ տարիներին՝ 2013, 2014, 2015 թվականներին, զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքները ավելի նվազ ուշադրության են արժանացել, քան ապրիլին տուժածները, ըստ այդմ կարելի է առաջնային խմբում նրանց էլ ներառել։ Գաղափարն ընդունվել է աշխատանքային խմբի կողմից»։

Գալով  շահառուների հայտնաբերման չափանիշներին, աշխատանքային հանձնաժողովի անդամը նշեց, որ կարիքի առաջնային գնահատում արվելու է,  ինչի համար ինֆորմացիայի աղբյուր են ծառայելու և՛ ՊՆ հաղորդած տվյալներն ու տեղեկագրերը, և՛ աշխատանքային խմբի անդամներից իր և գործընկերների հավաքած տեղեկությունները, ովքեր կամավոր սկզբունքներով այցելել են ապրիլին և մայիսին զոհվածների մեծ մասի ընտանիքներին և տեղում ծանոթացել իրավիճակին։

Էլբակյան Էդգարը նշեց, որ  հիմնադրամի գործունեությունը չի ենթադրելու նպաստավորում կամ թոշակավորում, կամ թեկուզ պարզապես միանվագ ինչ֊որ ֆինանսական միջոցի՝ փողի տրամադրում։

«Բնականաբար այն դեպքերում, երբ ընտանիքներից մեկը կունենա իրոք հրատապ կարիք դրամի, ուտելիքի, հագուստի կամ վառելիքի, առանց երկար քննարկման կհոգացվի, բայց ընդհանուր առմամբ հիմանդրամի տրամաբանությունը ենթադրում է այնպիսի օգնություն, որը ընտանիքներին թույլ կտա վեր հառնել և՛ սոցիալ-հոգեբանական առումով, և՛ նյութական։ Հիմնադրամի մատուցած օգնությունը կծառայի որպես նրանց կայուն զարգացման ենթակառուցվածք։ Այսինքն սուբյեկտի կարիքներից կախված նպատակային օգնությունները կարող են լինել տարբեր»։

Աշխատակազմի խմբի անդամը նշեց, որ ԱԺ հիմնադրամը ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ ստեղծվող հիմնադրամի հետ կապ չունի. ինչպես թիրախային խումբն է ուրիշ , այնպես էլ  նպատակը։

«Եթե 1000 դրամի նախագիծը կյանքի և առողջության ապահովագրական միջոցների հավաքագրման համար համապետական մասշտաբով պարտադիր իրականացվող օրենսդրական ակտի օրինագիծ է, ապա ԱԺ հիմնադրամը  ամբողջովին կամավոր է։ ԱԺ պատգամավորներից և աշխատակիցներից կամավոր սկզբունքով պահվում է աշխատավարձի առնվազն մի տոկոսով»։

Էդգար Էլբակյանի խոսքով ԱԺ հիմնադրամի Zinvor.org կայքում փոխանցումներից բացի էլ ավելի մանրամասն ներկայացվելու են շահառուները, լինելու է հստակ տեղեկատվական ծանուցում-ակնարկ, ընտանիքի, օգնության բնույթի, նպատակայնության մասին։

«Չնայած անվան մեջ նշված է ԱԺ, քանի որ գաղափարը ծնվել է հենց այնտեղ, սակայն այն առանձին իրավաբանական սուբյեկտ է, ունի հաշվեհամար, որին փոխանցումներ կարող են անել բոլոր ցանկացողներն ամբողջ աշխարհից»։

One response to “ՀՀ ԱԺ հիմնադրամն աջակցելու է վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 նոյեմբեր – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *