Հայկական բանակի կոշիկը բրենդ է դառնալու. Վիգեն Սարգսյան

Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հայկական բանակի համար նոր կոշիկներ են արտադրվելու, որոնք նաև բրենդ են լինելու, ինչպես շվեյցարական բանակի դանակները:

«Երբ խոսում ես զորացրված զինվորի հետ, առաջին բանը, որ ասում է որպես բողոք կամ դժգոհություն, դա բանակային կոշիկների որակն է», — նշել է նախարար Սարգսյանը՝ ավելացնելով, որ ինքն անձամբ է դրանում համոզվել՝ զորավարժությունների ժամանակ այդ կոշիկները հագնելով:

Նախարարի խոսքով՝ բարդ է նույնիսկ մի քանի ժամ այդ կոշիկների մեջ անընդմեջ քայլելը, իսկ մարտական հերթապահություն տանել և 24 ժամ այդ կոշիկի մեջ անցկացնելն իրոք շատ բարդ է: Նա վստահեցրեց ներկաներին.

«Մեծ վստահությամբ եմ ասում, որ ինչպես կա շվեյցարական բանակային դանակ, որը շատ վաղուց արդեն բանակի շրջանակից շատ ավելի լայն է կիրառվում, ես բազարձակ չեմ կասկածում, որ եկող տարի՝ 2017 թվականին, մենք ունենալու ենք հայկական բանակային կոշիկը, որը լինելու է բրենդ, լինելու է և´ հասկանալի, և´ սիրված, և´ շատ հարմար զինծառայողի համար»

Ըստ Սարգսյանի՝ քանի որ նախարարության պատվերը բավականին մեծ է, այն բավարար կլինի այդ կոշիկներն արտադրելու տնտեսական գրավչություն ապահովելու համար: Բարդություն չկա նաև դրանք ավելի շատ արտադրելու և արտահանելու համար:

Նախարարը նշել է, որ ներկայում օգտագործվող կոշիկներն արտադրվում են Արցախում, և ինքը կուզենար, որ նոր տարբերակը նույնպես արտադրվեր այնտեղ:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ այդ նոր տեխնոլոգիաները ներդրվեն հենց նույն գործարանում, որովհետև դա նշանակում է աշխատատեղեր. մարդիկ, որոնք երկար տարիներ կարողացել են դրանով վաստակել իրենց օրվա հացը», — ասել է նախարար Վիգեն Սարգսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *