Ռուսաստանը կարող է կրկին օգտագործել Իրանի Համադանի ավիաբազան

ՌԴ Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին 2015-ի օգոստոսի 26-ին կնքված պայմանագրի վավերացումով պայմանավորված` դեռևս կարիք չկա օգտագործել Իրանի «Համադանի» ավիաբազան, սակայն չի բացառվում, որ Ռուսաստանը այդ  հարցի շուրջ  բանակցի Իրանի հետ:

Այս մասին նոյեմբերի 14-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության կայքը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանը և Իրանը քննարկում էին Ռուսաստանի` Համադանի ավիաբազա վերադառնալու և այնտեղ ՍՈւ-34 և ՏՈւ 22-Մ3 կործանիչներ տեղակայելու հարցը:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

Օգոստոսի 16-ից  Ռուսաստանը «Համադան» ռազմաբազան օգտագործել է ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու համար: ՏՈւ22-Մ3 հեռահար և ՍՈւ-34 ճակատային ռմբակոծիչները մի քանի անգամ դուրս են եկել Իրանից և հարվածներ հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին:

Օգոստոսի 22-ին, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ռուսաստանը դադարեցրել է օգտագործել «Համադան» ռազմաբազան , քանի որ կողմերի միջև բազայի օգտագործման շուրջ հստակ պայմանավորվածություն չի եղել:

Իսկ արդեն օգոստոսի 23-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտնեց, որ Ռուսաստանը շարունակում է ավիաբազայի օգտագործումը: Խոսնակը նշել էր, որ Ռուսաստանը և Իրանը համագործակցում են ահաբեկչության դեմ պայքարում, ինչի շրջանակներում ռուսաստանյան օդուժը շարունակելու է լրալցավորման համար օգտագործել իրանական ավիաբազան: Սակայն, նա նաև հավելել էր, որ Իրանը մշտական հիմունքով  ոչ մի երկրի ռազմաբազա չի տրամադրել:

Իսկ ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ  Վլադիմիր Եվսեևի` Համադանի ավիաբազայի երկրաժամկետ կամ մշտական հիմունքով օգտագործումը ռազմատեխնիկական տեսանկյունից անհնար է, իսկ քաղաքական տեսանկյունից նաև անցանկալի:

Նշենք, որ Ռուսաստանը  ավիաբազա  ունի Սիրիայում. «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայված են ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Ավիաբազան  Ռուսաստանը օգտագործում է այնտեղ ՌԴ ԶՈւ ավիախումբ տեղակայելու մասին պայմանագրի կնքման օրվանից` 2015-ի օգոստոսի 26-ից:

Իսկ Համադանի ավիաբազայի օգտագործումը պայմանավորված էր նրանով, որ  «Հմեյմիմ»  ավիաբազան  չի կարողանում ընդունել մեծ չափսերի ռմբակոծիչներ, ինչի  պատճառով ռուսաստանյան ռմբակոծիչները ստիպված ամեն անգամ ավիահարվածներից հետո վերադառնում էին ՌԴ տարածք։

Իրանում ռմբակոծիչների տեղակայումը ռուսաստանյան զինուժին թույլ էր տալիս նաև  զգալիորեն կրճատել Սիրիայում ավիահարվածների ծախսերը, ինչպես նաև դրանց համար ծախսվող ժամանակը, քանի որ ռմբակոծիչները Սիրիա էին հասնում ՌԴ Հս․ Օսեթիայում տեղակայված ավիաբազայից։

Հիշեցնենք, որ  Ռուսաստանը մտադիր է Սիրիայի Տարտուս քաղաքի նավահանգստում հիմնել նաև ռազմածովային բազա:

Միաժամանակ Ռուսաստանը բանակցություններ է վարում նաև Եգիպտոսի հետ`այնտեղ ռազմական օբյեկտներ վարձակալելու  շուրջ: Խոսքը մասնավորապես եգիպտական Սիդի-Բարրանի քաղաքում տեղակայված խորհրդային բազան վերականգնելու մասին է: Կողմերի փոխհամաձայնության գալու դեպքում` ռազմաբազան կսկի գործել 2019 թվականից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *