Միջերկրականում ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը վթարվել է անսարքության պատճառով. ՌԴ ՊՆ

Նոյեմբերի 14-ին ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Ինքնաթիռի օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

ՌԴ ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ կործանիչ

ՌԴ ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ կործանիչ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ինքնաթիռը կործանվել է մարզումային թռիչքի ընթացքում՝ տեխնիկական անսարքության պատճառով:

Ռուսաստանյան գործակալությունն իր հերթին փոխանցում է, որ կործանիչը ընդամենը վերջերս՝ 2016 թ. աշնանն էր համալրել ՌԴ ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հարվածային խումբը և «Ադմիրալ Կուզնեցովի» հետ ուղարկվել Միջերկրական ծով ու Ատլանտյան օվկիանոս:

Նշենք, որ ՄիԳ-29 կործանիչի ռազմածովային ուժերի համար նախատեսված «Կ» մոդիֆիկացիան ստեղծվել է դեռևս 1988 թ.: Սակայն 1990-ականներին Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով սերիական արտադրության չի դրվել:

2000-ականներին փորձարկումները վերսկսվել են: 2007-ին ստեղծվել է կործանիչների նոր մոդիֆիկացիա՝ «ԿՈւԲ»:2012-ի փետրվարին ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով նախատեսվում էր մինչև 2015-ը ՌԴ ՌԾՈւ-ին մատակարարել 24 միավոր ՄիԳ-29 կործանիչ, որոնցից 20-ը «Կ», իսկ 4-ը «ԿՈւԲ» մոդիֆիկացիայի։

2014-ի ապրիլին հայտնի էր դարձել, որ ռուսաստանյան «ՄիԳ» ավիաշինական կոնցերնը մինչև 2014-ի վերջը ՌԴ ռազմածովային ուժերին կմատակարարի 10 միավոր ՄիԳ-29/ԿՈւԲ կործանիչ, որոնք կհամալրեն 279-րդ ավիագնդի շարքերն ու կշահագործվեն ռուսաստանյան նավատորմի միակ ավիակրի՝ «Ադմիրալ Կուզնեցովի» վրա։

ՄիԳ-29Կ ՄՏԲ
Երկարությունը – 17,3 մ
Բարձրությունը – 4,4 մ
Թևերի բացվածքը – 11,99 մ (լրիվ) կամ 7,80 մ (ավիակրի վրա).
Գործնական առաստաղ – 17 500մ
Թռիչքի տարածքություն – 2000 կմ, կախովի վառելիքային բաքերով – 3000 կմ (ՄիԳ-29ԿՈւԲ-ի դեպքում՝ 2700 կմ).
Առավելագույն թռիչքային զանգված – 24 500 կգ
Առավելագույն արագություն – 2200 կմ/ժ