Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել ռազմական ոլորտում. Վ. Ոսկանյան

Հայաստան-Իրան ռազմական համագործակցության համար առկա են բոլոր հնարավորությունները, և այն կարող է սկսվել մասնավորապես  կրթության, թիկունքի ապահովման և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համատեղ մեխանիզմներ մշակելու ոլորտներից: Այս մասին նոյեմբերի 11-ին  Razm.info-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ըստ Ոսկանյանի` հայ-իրանական ռազմական համագործակցությունն արդի փուլում կարող է սկզբնապես պարունակել մի քանի բաղադրիչ.

«Առաջինը թիկունքի ապահովման հատվածում է, որտեղ իրանցիները լուրջ հաջողություններ են գրանցել: Երկրորդ կարևոր ուղղությունը, որն, ըստ իս, չափազանց հետաքրքիր կլինի  երկու կողմերի համար էլ անօդաչու թռչող սարքերի դեմ տեխնոլոգիական պայքարի ոլորտն է: Պակաս արդյունավետ չի լինի նաև  ռազմական կրթության ոլորտը և փորձի փոխանակումը», — նշեց Վարդան Ոսկանյանը:

Հայաստանն ու Իրանը, ըստ իրանագետի,  ունեն միևնույն մարտահրավերը, քանի որ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են երկու երկրների դեմ (Իսրայելում են արտադրվում Ադրբեջանի սպառազինության Harop մահապարտ ԱԹՍ-ները, իսրայելական Orbiter և Aerostar ԱԹՍ-ներն էլ արտոնագրով արտադրվում են Ադրբեջանում):

«Թե Հայաստանը, թե Իրանը փաստացիորեն միևնույն մարտահրավերն ունեն, տեխնոլոգիաների իմաստով նաև միևնույն խնդիրն են լուծում, և այստեղ իրանական փորձը, կարծում եմ, մեզ էլ օգտակար կլինի, իսկ Հայաստանի՝ հատկապես ապրիլյան պատերազմի ընթացքում կուտակած փորձը իրանցիների համար կարող է հետաքրքիր լինել», — նշեց Ոսկանյանը:

Իրանագետի խոսքերով` հայ-իրանական ռազմական համագործակցությունը և դրա հեռանկարները առաջին հերթին միտված են երկու երկրների անվտանգության մակարդակի բարձրացմանը և չեն նախանշում կոնկրետ որևէ այլ կողմի դեմ գործողություն:

Նշենք, որ վերջին ժամանակներս կայացել են Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների մի շարք  փոխայցելություններ: Մասնավորապես 2015-ի մայիսին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի պաշտպանության նախարարին, ինչպես նաև այցելել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության ԷԹՔԱ կազմակերպություն, քննարկել ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիին

Այնուհետև  2016-ի փետրվարին փոխադարձ այցով Հայաստան է ժամանել Իրանի ՊՆ ԷԹՔԱ կազմակերպության պատվիրակությունը: Այցի ընթացքում քննարկվել է սննդարդյունաբերության, տեքստիլ արդյունաբերության, կառուցապատման և այլ ոլորտներում մասնագիտացած իրանական ընկերության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև համագործակցություն ծավալելու հնարավորությունները:

Հայաստան- Իրան ռազմական համագործակցության հարցեր քննարկվել են նաև  հունիսին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած այցի շրջանակներում, ինչպես նաև հոկտեմբերին Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակության Հայասատան կատարած այցի ժամանակ:

Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր

Տարբեր ժամանակներում Իրանի առգրաված և ընդօրինակումով պատրաստված անօդաչու թռչող սարքեր

One response to “Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել ռազմական ոլորտում. Վ. Ոսկանյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 նոյեմբեր – 19 նոյեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *