Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի Էլ-Բաբ շրջանում ԻՊ դիրքերին

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի Էլ-Բաբ շրջանում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 15 թիրախի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ գործող «թուրքմեն զինյալները»

Սիրիայում Թուրքիայի աջակցությամբ գործող «թուրքմեն զինյալները»

Համաձայն աղբյուրի՝ հարվածքների արդյունքում ոչնչացվել է ԻՊ 2 հրամանատարական կետ, զինամթերքի 1 պահեստ, 10 պաշտպանական դիրք:

Միևնույն ժամանակ Թուրքիայի զինուժը և նրանց աջակցող Սիրիայի թուրքմենները շարունակում են ցամաքային գործողությունները Սիրիայի հյուսիսում: ԻՊ զինյալների հետ բախումների արդյունքում 9 թուրքմեն սպանվել է ևս 52-ը` վիրավորվել: Էլ-Բաբ քաղաքից հյուսիս ընկած Դանա շրջանում ընթացքող ռազմական գործողությունների ժամանակ վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող:

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, թուրքական աղբյուրները հայտնել են, որ հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները գտնվում է 2 կմ հեռավարության վրա Էլ-Բաբ շրջանից: Բացի այդ Թուրքիայի զինուժի աջակցությամբ թուրքմենները կարողացել են վերահսկողություն սահմանել Մարիի և Ալ-Ռաի շրջանների մի քանի բնակավայրերում:

Հիշեցնենք, օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *