Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով ՌԴ նախագահին առաջարկում է հայկական կողմի հետ կնքել «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, հայտնի է դարձել Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական կայքից:

Որոշմանը կից հրապարակվել է նաև առաջարկվող համաձայնագիրը, ըստ որի՝ կողմերը՝ Հայաստանը և Ռուսաստանը, ստեղծում են զինված ուժերի միացյալ զորախումբ և նույն համաձայնագրի համաձայն կարգավորում են զորախմբի գործունեությունը:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը «Ալագյազ» զորավարժարանում. սեպտեմբեր 2014

Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունը «Ալագյազ» զորավարժարանում. սեպտեմբեր 2014 (արխիվ)

Երկու կողմերից լիազորված կառույցներ են նշանակվում պաշտպանության նախարարությունները, որոնք էլ որոշում են միացյալ զորախմբի կազմը՝ հնարավոր սպառնալիքների և ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծության հիման վրա: Խաղաղ ժամանակ միացյալ զորախմբի հրամանատարությունը կրճատված կազմով գործում է ՀՀ ԶՈւ կազմում:

Միացյալ զորախմբի հրամանատարին նշանակում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ:

Խաղաղ ժամանակ զորախմբի հրամանատարը ենթակա է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ սպառնալից կամ պատերազմական իրավիճակներում՝ կամ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարին, կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին՝ կախված իրավիճակից: Այս հարցը որոշվելու է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների համաձայնությամբ:

Պատերազմական շրջանում զորախմբի բոլոր ուժերն անմիջականորեն ենթակա են միացյալ զորախմբի հրամանատարին:

Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համատեղ աշխատելու են նաև կողմերի զորքերի սպառազինության և կառավարման համակարգերի ունիֆիկացիայի ուղղությամբ:

Կողմերից յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու սեփական ուժերի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման համար:

Համաձայնագիրը կնքվելու է 5 տարով և ժամկետի յուրաքանչյուր ավարտից հետո ինքնաբերաբար երկարացվելու է ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկն այն կասեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:

Ռազմինֆոյի հետ զրույցում համաձայնագրի և զորախմբի գործունեության վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց քաղաքագետ, հայաստանյան «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

«Զորախումբը գործում է բավականին վաղուց. փաստացի դա դեռ 90-ականների երկրորդ կեսից է այդ ֆորմատը ստեղծվել: Բայց նաև պիտի հասկանանք, որ Ռուսաստանի զինված ուժերը բավականին լուրջ, մի քանի փուլ խորքային բարեփոխումներ են անցել: Եվ Ռուսաստանը թե ՀԱՊԿ շրջանակներում, թե երկկողմ հարաբերություններում փորձում է զինված ուժերի օգտագործման և իր դաշնակից երկրների հետ հարաբերությունների նոր իրավական դաշտ ստեղծել», — նշեց քաղաքագետը՝ պատասխանելով, թե ինչու է համաձայնագիրը միայն հիմա պատրաստվում:

Աբխազիայի հետ նմանատիպ համաձայնագրի կնքումը, ըստ Սերգեյ Մինասյանի, նույնպես կարելի է դիտարկել նույն համատեքստում: Բայց Հայաստանի դեպքում, ի տարբերություն Աբխազիայի կամ Հարավային Օսիայի, զորախումբը փաստացի կա:

«Հայաստանի պարագայում այդ զորախումբը փաստացի գործում է, և այստեղ առնվազն ցամաքային ուժերի առումով կարևոր դեր են խաղում ոչ թե ռուսական ստորաբաժանումները, այլ հենց հայկական: Եվ այդ միացյալ զորախումբը ղեկավարում է հայ գեներալ», — նշեց Մինասյանը:

2016 թ. հուլիսից  միացյալ զորախմբի հրամանատարի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Խոսելով զորախմբի նպատակների և կիրառման հնարավոր ուղղությունների մասին՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշեց, որ զորախմբի ցամաքային բաղադրիչն իր մեջ ներառում է ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան և ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսը: 5-րդ բանակային կորպուսի ուղղությունն արևմտյանն է (Թուրքիայի հետ սահմանը): Իսկ  102-րդ բազայի նշանակությունը, ըստ քաղաքագետի, ոչ միայն նախկին խորհրդային սահմանների պաշտպանությունն է, այլև ընդհանուր առմամբ Հայաստանի անվտանգության ապահովումը:

Միացյալ զորախմբի առավել խոշոր զորավարժություններից մեկն անցկացվել է 2014թ. սեպտեմբերին Արագածոտնում: Պայմանական հակառակորդը «Օսմանիայի Հանրապետությունն» էր:

Սերգեյ Մինասյանը նաև նշեց, որ չնայած զորախմբի փաստացի գոյությանը՝ համաձայնագրի կնքումն էլ կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

«Բացի նրանից, որ պարզապես ենթադրվում է, որ դա հնարավարություն է տալիս ավելի էֆեկտիվ օգտագործել այդ զորախումբը կամ այդ միավորումները, նաև հայկական կողմի համար դա կարևոր է այն իմաստով, որ դրա ստեղծումը նաև իր մեջ ներառում է որոշ չափով ռազմատեխնիկական բաղադրիչ, ինչպես ստանդարտիզացիայի,այնպես էլ զինատեսակների ձեռքբերման կամ արդիականացման տեսանկյունից: Օրինակ, մենք գիտենք, որ այդ հանգամանքն ուղղակի նշված էր միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի պայմանագրում: Ենթադրում եմ, որ նույն ձևով դա անդրադառնալու է նաև ցամաքային զորախմբի առումով», — նշեց Սերգեյ Մինասյանը:

Ավելացնենք, որ դեռ օգոստոսին ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ Հայաստանը և Ռուսաստանը մոտ են ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկմանն և ստորագրմանը:

Մինչ այդ էլ՝ հուլիսին, Հայաստան էր ժամանել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վերջնական քննարկման և ստորագրման նախապատրաստման նպատակով:

One response to “Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը պատրաստ է ստորագրման

  1. Pingback: Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ մտնում են ՀՀ ՊՆ 5-րդ կորպուսի ստորաբաժանումներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *