2017-ից կավելանան զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների ապահովագրական վճարները

2017 թ. հունվարի 28-ից կավելանա մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները):

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգենս Սարգսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգենս Սարգսյանը

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ծրագիրը մշակվել է  ՀՀ կենտրոնական բանկի և սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները, ինչպես նաև ռազմակրթական հաստատությունների խնդիրների, դրանց լուծման և արդիականացման ուղղությամբ նախագահի մեկ այլ հանձնարականի համաձայն իրականացվող աշխատանքները:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ 2017թ. հունվարի 28-ից զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար:

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների և 200 հազար դրամ շարքայինների դեպքում:

Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 և 150 հազար դրամ: Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ:

Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Սակայն նախարարը նշել է, որ ամեն բան կարվի, որպեսզի այդ հազար դրամը չանդրադառնա նվազագույն աշխատավարձ ստացողների վրա: Հիմնադրամը նաև հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ: Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձևավորվելու է ծրագրի խորհուրդ, որը վերահսկելու է գործընթացը:

Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության և ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են երկու տարի առաջ:

Պաշտպանության նախարարը նաև զեկուցել է, որ այժմ աշխատանք է իրականացվում զորացրվող սպաների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքային շուկայում նրանց առավելությունները լիարժեք ներկայացնելուն ուղղված ծրագիր ներդնելու համար:

3 responses to “2017-ից կավելանան զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքների ապահովագրական վճարները

  1. Pingback: Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգը | Ռազմ.info

  2. Pingback: Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 2-րդ ընթերցմամբ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *