Թուրքիայում քրդերի հետ բախումներում թուրք զինծառայող է սպանվել

Նոյեմբերի 7-ին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են Թուրքիայի Շրնաք նահանգում տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներից մեկի վրա, սպանվել է մեկ թուրք զինծառայող: Միևնույն ժամանակ թուրքական ուժայինները Թունջելիում (Դերսիմ) սպանել են 5 քուրդ զինյալի: Այս մասին հայտնում են թուրքական «Անադոլու» և «Դողան» գործակալությունները:

Շրնաքում քուրդ զինյալների գործողությունից հետո թուրքական զինուժը օդուժի աջակցությամբ ռազմական գործողություններ է սկսել: Քրդական ANF գործակալությունն իր հերթին հայտնում է, որ ևս 3 թուրք զինծառայող վիրավորվել է:

Թունջելիում քրդերի դեմ գործողությունները ևս ուղեկցվում են ռազմաօդային ուժերի աջակցությամբ: Ցամաքային գործողություններում ներգրավված են թուրքական զինուժի հատուկջոկատայիներ:

Նշենք, որ նմանատիպ բախումները թուրքական ուժայինների և քրդերի միջև պարբերաբար կրկնվում են՝ սկսած 2015 թ. ամռանից, երբ թուրքական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց երկրի ներսում քրդերի դեմ: Սակայն վերջին շրջանում Թուրքիայի խորհրդարանական քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ղեկավարների և մի շարք անդամների ձերբակալությունից հետո բախումները փոքր-ինչ ավելի սրվեցին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *