ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում վերջին շրջանի զարգացումները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Այս մասին հայտնում են ԱՄՆ Պենտագոնի կայքում:

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին:

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին:

Հանդիպումից հետո գեներալ Դանֆորդը հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան և Թուրքիան համատեղ աշխատելու են Ռաքքայի գրավման, այնուհետև դրա պահպանման և կառավարման համար երկարաժամկետ պլանի կազման ուղղությամբ:

Դանֆորդը նաև հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի հետ հանդիպման նպատակը համատեղ գործողությունների պլանավորումն է, ինչպես նաև Ռաքքայում, Մոսուլում և այլ վայրերում ԻՊ դեմ գործողությունների պլանավորման համակարգումը:

Հանդիպմանը Դանֆորդը հայտարարել է նաև, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը մեծ աշխատանք են կատարում Սիրիայում ԻՊ մեկուսացնելու ուղղությամբ և սահմանափակում է ԻՊ զինյալների տեղաշարժերը:

Կողմերը քննարկել են նաև Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքից Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» (YPG) և «Քրդական դեմոկրատական միության» (PYD) դուրս բերման հարցը, Իրաքում և Սիրիայում այդ ուժերի գործունեությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Համաձայն նույն աղբյուրը՝ հանդիպման ընթացքում թուրքական կողմը ևս մեկ անգամ ընդգծել է Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքի և Մոսուլ նահանգի Սինջար գավառի հարցում Թուրքիայի ունեցած դիրքորոշումը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքը գրավելու գործողությանը մասնակցելու դիմաց ԱՄՆ-ից պահանջում է գործողությունից դուրս թողնել Սիրիայի քրդերի YPG-ի ջոկատներին: Սա պայմանավորված է թուրքական իշխանությունների այն մտավախությամբ, որ քրդական ուժերի ազդեցությունը Սիրիայի տարածքում էլ ավելի կաճի, ինչը ապագայում կարող է հանգեցնել Թուրքիայի սահմանի երկայնքով քրդական պետական կազմավորման ձևավորմանը: Հիմնականում սրան կանխելուն էր ուղղված նաև 2016-ի օգոստոսի 24-ին թուրքական զորքերի Սիրիա ներխուժումը:

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Թուրքական զրահատեխնիկան Սիրիայի թուրքմենական խմբավորումների հետ՝ Ջերաբլուսի մոտակայքում

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող և հիմնականում շիաներից, եզդիներից և քրիստոնյաներից կազմված՝ «Ժողովրդական զորահավաքի ուժեր» (արաբ. Հաշդ ալ-շաաբի) ջոկատները  ռազմական գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքը ԻՊ զինյլալներից ազատագրելու համար և վերցրել են քաղաքին մոտ գտնվող մի քանի գյուղեր և բնակավայրեր:

Հոկտեմբերի 29-ին Էրդողանը հայտարարել է, որ եթե Հաշդ ալ-շաաբիի ջոկատները մտնեն Թալ-Աֆար, Թուրքիան դիմելու է համապատասխան գործողությունների և դիտորդի կարգավիճակում չի մնալու, ինչը ըստ երևույթին պայմանավորված է Իրաքի սուննի թուրքմենների գործոնով:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 1-ին Թուրքիայի և Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերը Մոսկվայում քննարկել են «սիրիական հակամարտության կարգավորման հարցում կողմերի համագործակցությունը, ինչպես նաև Հալեպ քաղաքի շուրջ իրավիճակի կարգավորումը»:

 

2 responses to “ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունն այցելել է Սիրիայի հետ սահմանային շրջան | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի և ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *