Թուրքիան տանկերի մի մասն արդեն տեղակայել է Իրաքի սահմանին

Նոյեմբերի 1-ին Թուրքիայի մայարաքաղաքի մոտ տեղակայված զրահատանկային ստորաբաժանումներից Իրաքի հետ սահման ուղարկված 15 տանկ, 1 քարշակ և մեկ վերամբարձ կռունկ արդեն տեղակայվել է Իրաքի հետ սահմանային Շրնաք նահանգում:  Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Մինչ այդ՝ նոյեմբերի 2-ին, Անկարայից զրահատեխնիկայի ևս մեկ խմբաքանակ էր ուղևորվել Իրաքի հետ ահմանային նահանգ:

Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման:

Թուրքիան տանկեր և այլ զինտեխնիկա է ուղարկել Իրաքի հետ սահման:

Նոյեմբերի 4-ին թուրքական իշխանամետ Yeni akit լրատվակայքն իր հերթին հայտնել է, որ թուրքական զինուժի տանկերը մտել են Իրաքի տարածք, այս տեղեկությունը, սակայն, դեռ չի հաստատվել:

Այս թեմայի և հնարավոր զարգացումների շուրջ զրուցել ենք թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: Ներկայացնում ենք պարոն Հովսեփյանի մեկնաբանությունից մի հատված:

«Երկու տարբերակ կարելի է առանձնացնել. նախ ռազմատեխնիկական՝ զրահատեխնիկական կուտակումները սահմանին, որը կարելի է ասել ուժի գործադրման, ցուցադրման գործողություն է այս պահին:  Թուրքիան դրանով փորձում է փաստի առջև կանգնեցնել ոչ միայն Իրաքին, այլ նաև իրաքյան, Մոսուլի ազատագրման գործողություններին ներգրավված ուժային այլ կենտրոններին: Եվ ուժի ցուցադրման գործողություն է սա այս պահին:

Մյուսը՝ Աբադիի կտրուկ հայտարարությունը, բայց սրանից առաջ էլ եղել էր իրանական կողմի միջնորդական  ջանքերի ցուցադրումը: Իրանական կողմը հայտնել էր, որ պատրաստ է միջնորդություն ստանձնել Իրաքի և Թուրքիայի միջև: Սա ցույց է տալիս, որ որոշակի բանակցային պրոցես կարող է լինել: Որովհեև պետք է հաշվի առնենք Իրաքի կենտրոնական իշխանությունների վրա Իրանի մեծ ազդեցությունը»:

Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող և հիմնականում շիաներից կազմված «Ժողովրդական զորահավաքի ուժեր» (արաբ. Հաշդ ալ-շաաբի) ջոկատները  ռազմական գործողություններ են սկսել Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքը ԻՊ զինյլալներից ազատագրելու համար:

Սակայն այս քայլն առաջացրել է Թուրքիայի իշխանությունների ակնհայտ դժգոհությունը, քանի որ Թել Աֆարը, թուրքական կողմի պնդմամբ, հիմնականում սուննի թյուրքմեններով (Իրաքում և Սիրիայում ապրող թյուրքական ժողովուրդներ) բնակեցված շրջան է:

Թուրքիան փորձում է թույլ չտալ, որպեսզի այդ շրջաններում հաստատվի շիաների ազդեցությունը, որոնք գործում են Իրաքի կառավարության և Իրանի ազդեցությամբ: Փոխարենը թուրքական կողմը ջանում է սուննիների միջոցով իր ազդեցությունը տարածել ինչպես Թել Աֆարում, այնպես էլ՝ Իրաքի Մոսուլ քաղաքում և նույնանուն շրջանում:

Թուրքիայի նմանատիպ դիրքորոշումը վերջին շրջանում հանգեցրել է ինչպես Իրաքի, այնպես էլ՝ Իրանի հետ հարաբերությունների լարմանը: Այս համատեքստում Իրաքի սահմանին թուրքական զինուժի տեղակայումը կարող է միայն ավելի սրել իրավիճակը: Ինչպես նաև չի բացառվում Իրաքի կառավարական ուժերի հետ ուղիղ առճակատման հնարավորությունը:

Ռազմինֆոյի հետ զրույցում Լևոն Հովսեփյանը նաև մանրամասնել է, որ այս հակադրությունը ցույց է տալիս, որ որոշակի բանակցային գործընթաց կա.

«Միգուցե լատենտային, բայց [թուրքական ուժերի կուտակումը] նաև ուժի ցուցադրման գործողություն է, որպեսզի բանակցային սեղանի շուրջ [Թուրքիան] իր խաղաթղթերը մեծացնի:

Հիմա, կարծում եմ, նաև այդ ուժի ցուցադրման գործողությունների հետ համատեղ գնում են ինչ-որ բանակցություններ, որոնց արդյունքից է կախված Թուրքիայի վարքագիծը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *