Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016

Վրաստանում անցկացվում է 10-օրյա զորավարժություն • Անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի ՊՆ ուսումնական կենտրոնի վրա • Ադրբեջանում նռնակի պայթյունից մահացել է հետախուզության փոխգնդապետ • Թուրքիան մտադիր է արդիականացրել 400 տանկ • Ստամբուլից զորամասի տեխնիկան և անձնակազմը տեղափոխվել են Սիրիայի սահման • Թուրքիայում շարունակում են ազատել ու ձերբակալալ զինծառայողների • Քրդերի դեմ մարտերում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող • Իրանը մտադիր չէ Ս-400 համակարգեր գնել • ԻՀՊԿ-ն զորավարժություններ է անելու Իրանի հյուսիսում • Իրանում ներկայացվել են նոր ՌԷՊ ռադարներ, ԱԹՍ-ներ, ավտոմատ • Սիրիայում սպանվել է ԻՀՊԿ գեներալ • Իրաքի Մոսուլի գործողության ընթացքում սպանվել է ԻՊ 800-900 զինյալ • Իրաքյան Քրդստանի Փեշմերգեն չի մասնակցի Մոսուլ քաղաքի ազատագրմանը, Թուրքիայի ցամաքային և օդային ուժերը կմասնակցեն • Սիրիայի զինուժը հարվածել է Թուրքիայի օգնությամբ գործող զինյալներին • Թուրքիայի զինուժն առաջ է շարժվում Սիրիայում • Ռուսաստանի ու Սիրիայի զինված ուժերը չեն հարվածում Հալեպին • ԱՊՀ 7 երկրներ համատեղ ՀՕՊ զորավարժություն են անցկացրել • Ռուս-եգիպտական զորավարժության ժամանակ դեսանտավորման վարժանք է եղել

Վրաստանի պաշտպանության նախարարը հետևում է զորավարժությանը • Ստամբուլից դուրսբերվող տեխնիկան տեղափոխվում է Սիրիայի սահման • Իրաքում Մոսուլի ազատագրման գործողությունից • Իրանում ներկայացված մահապարտ անօդաչու թռչող սարքը

Վրաստանի պաշտպանության նախարարը հետևում է զորավարժությանը • Ստամբուլից դուրսբերվող տեխնիկան տեղափոխվում է Սիրիայի սահման • Իրաքում Մոսուլի ազատագրման գործողությունից • Իրանում ներկայացված մահապարտ անօդաչու թռչող սարքը

Վրաստան / Ադրբեջան

• Վրաստանի զինված ուժերի արևելյան հրամանատարությունը առաջին անգամ անցկացնում է 10-օրյա «Փոթորիկ-2016» հրամանատարաշտաբային զորավարժությունը, որին մասնակցում է մոտ 700 զինծառայող:

Վրաստանի ԶՈւ «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող անձնակազմը

Վրաստանի ԶՈւ «Փոթորիկ–2016» հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցող անձնակազմը

• Հոմտեմբերի 23-ի գիշերը անհայտ անձինք փորձել են ներխուժել Վրաստանի ՊՆ «Կրծանիսի» ուսումնական կենտրոն և հարձակվել են նրանց նկատած ժամապահի վրա, ինչից հետո ժամապահը պատասխան կրակել է հարձակվողների վրա: Հարձակվողներից մեկը սպանվել է:

• Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ հրաձգարաններից մեկում վարժանքների ժամանակ «զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում» (ձեռքում նռնակի պայթյունից) մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, հետախուզության փոխգնդապետ Միրիև Թելման Միրբաբա օղլուն (Miriyev Telman Mirbaba oğlu):

Թուրքիա

• Թուրքիան ծրագրում է արդիականացնել իր բանակի գերմանական արտադրության 100 միավոր Լեոպարդ-2 և ամերիկյան արտադրության 300 միավոր Մ-60 հիմնական մարտական տանկեր՝ յուրաքանչյուրի համար ծախսելով 2-3 միլիոն ԱՄՆ դոլար:

Թուրքիայի ԶՈւ Գերմանական զինված ուժերի Լեոպարդ-2Ա տանկ

Թուրքիայի ԶՈւ Գերմանական զինված ուժերի Լեոպարդ-2Ա տանկ

• Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի զինուժը Ստամբուլում տեղակայված 2-րդ զրահատանկային բրիգադից դուրս է բերել 25 միավոր ռազմական տեխնիկա, զինվորական անձնակազմ, ռազմամթերք տեղափոխող 20 կոնտեյներ և ուղարկել է երկրի հարավային, Սիրիային սահմանակից Իսլահիյե գավառ:

• Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ երկրի ժանդարմերիայից և առափնյա անվտանգության հրամանատարությունից ժամանակավորապես հեռացվել է 260 զինծառայող: Հուլիսին հեղաշրջման մասնակցած 73 օդաչուի նկատմամբ էլ ձերբակալելու որոշում է կայացվել:

• Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի արևելյան և հարավային շրջաններում Թուրքիայի զինուժի և «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումների արդյունքում սպանվել է երկրի ԶՈւ 4 զինծառայող, 1 գյուղական պահապան:

Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն

Սիիրթ նահանգում PKK-ի զինյալների դեմ ձեռնարկվել է հատուկ գործողություն (Արխիվ)

Իրան

• Հոկտեմբերի 25-ին Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանը հետաքրքրված է շարունակել և զարգացնել պաշտպանության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը, սակայն կողմերը Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման վերաբերյալ բանակցություններ չեն վարում:

• Հոկտեմբերի 27-28-ին և նոյեմբերի 3-4-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում երկրի հյուսիսային Մազանդարան և Գիլան նահանգներում:

• Հոկտեմբերի 22-ին Իրանի հարավարևմտյան Շիրազ քաղաքում ներկայացվել են Մերաջ-4 և Մաթլա օլ Ֆաջր-3 ռադարները, որոնք սպառազինված են ռադիոէլեկտրոնային պայքարի տեխնոլոգիաներով:

• Շաբաթվա ընթացքում Իրանում ներկայացվել են հետախուզական-մահապարտ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև գերմանական HK-416 ինքնաձիգերի հիման վրա ստեղծած տեղական «Մասաֆ» ավտոմատը:

• Հոկտեմբերի 26-ին Սիրիայում սպանվել է Իրանի ԻՀՊԿ գեներալ Ղոլամռեզա Սամային, որն, ըստ իրանական կողմի, Սիրիայում խորհրդատվական առաքելություն էր իրականացնում:

Իրաք

• Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից սպանվել է 800-900 ԻՊ զինյալ: Իրաքի կառավարական զորքերից զոհվել է 57 զինծառայող, իսկ Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման մարտիկներից՝ 30 հոգի։ Եվս մեկ զինծառայող զոհվել է ԱՄՆ զինված ուժերի կազմից։ Հոկտեմբերի 27-ին Իրաքյան Քրդստանի ղեկավարը հայտարարել է, որ Իրաքի Մոսուլ քաղաքի և հարակից բնակավայրերի ազատագրման գործողությանը մասնակցող Փեշմերգեի մարտիկները չեն մտնի բուն Մոսուլ քաղաք։

• Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Իրաքի Բեշիքայի ռազմաբազայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորախումբը տանկերով, «Ֆըրթընա» հաուբիցներով և հրետանիով աջակցում է Մոսուլի մոտ գտնվող Բեշիքա բնակավայրը ԻՊ մարտիկներից մաքրելու գործողությանը։ Վարչապետի փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն նաև բուն Մոսուլի քաղաքի ազատագրմանը: Հաջորդ օրը Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 միավոր F-16 կործանիչ ներգրավված է Մոսուլ քաղաքի ազատագրմանը:

Սիրիա

• Հոկտեմբերի 25-ին Սիրիայի կառավարական զորքերի ուղղաթիռը հարվածել է Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայր շարժվող, թուրքական զինուժի աջակցությամբ գործող տեղացի թուրքմեններին։ Սպանվել է 3 թուրքմեն, վիրավորվել՝ 13-ը։

• Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կշարունակի Մանբիջի և ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ, իսկ ներկայում շարժվում է դեպի Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ քաղաք, որտեղից «Իսլամական պետությունը» շուտով ամբողջովին դուրս կգա։ Միաժամանակ հոկտեմբերի 24-25-ին թուրքական ուժերը Սիրիայում հարվածել են ԻՊ 72 և քրդերի 15 դիրքերի:

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

Հումանիտար միջանցք Հալեպում՝ նախատեսված խաղաղ բնակիչների տարհանման համար

• Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի և Սիրիայի կառավարությունների նախաձեռնությամբ Հալեպում հաստատված հումանիտար հրադադարը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 22-ը` ժամը 19:00: Հոկտեմբերի 25-ին ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ Ռուսաստանի և Սիրիայի զինված ուժերը վերջին 7 օրերի ընթացքում ավիահարվածներ չեն հասցրել Հալեպին:

Այլ

• ԱՊՀ 7 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերն անցկացրել են ՀՕՊ համատեղ զորավարժություններ, որոնց ներգրավված էին 130 հրամանատարական կետեր և մոտ 100 մարտական ինքնաթիռներ։

• Եգիպտոսում ընթացող ռուս-եգիպտական «Բարեկամության պաշտպաններ-2016» զորավարժության ընթացքում զորախմբերը համատեղ 5 միավոր ԲՄԴ-2 դեսանտի մարտական մեքենա, ԲՏՌ-Դ զրահափոխադրիչներ և անձնակազմ են դեսանտավորել:

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

Հայաստանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *