Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016

Թշնամու կրակոցից և ավտովթարից զոհվել է 2 զինծառայող • Գնդային զորավարժություն է անցկացվել 4-րդ կորպուսում • ՊԲ-ում անցկացվել են շտաբային մարզումներ • ArmHiTec ցուցահանդեսը հաջորդ անգամ կանցկացվի 2018-ին • ՀՀ պաշտպանության նախարարը քննարկում է անցկացրել խորհրդարանում, ընդունել է ԵԱՀԿ համանախագահներին, Հունաստանի և Իրանի դեսպաններին • ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է Եվրոպայի բանակների համաժողովին • Կփոփոխվի զինծառայողների սոցապահովության կարգը • Վրաստանում մահացել է հայազգի զինծառայող • Հայաստանը մասնակցել է ԱՊՀ զորավարժության • Զորավարժություն է անցկացրել Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազան

ՀՀ ԶՈւ զորավարժություն • Հայաստանում արտադրված-հավաքված սպառազինություն ու ռազմական գույք

ՀՀ ԶՈւ զորավարժություն • Հայաստանում արտադրված-հավաքված սպառազինություն ու ռազմական գույք

• Հոկտեմբերի 26-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Գուրգեն Ավետիքի Այվազյանը: Զինծառայողի մահվան վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե իբր հայկական կողմը դիվերսիա է արել, որի ժամանակ «կորուստներ է ունեցել»: ՊԲ մամուլի խոսնակն Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն ապատեղեկատվություն է որակել:

• Հոկտեմբերի լույս 27-ի գիշերը Արարատ քաղաքում ավտովթարի հետևանքով մահացել է հայկական զինուժի ժամկետային զինծառայող Դավիթ Կարենի Վարդանյանը:

• Հոկտեմբերի 17-ից 21-ը ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի մոտոհրաձգային զորամասերից մեկի անձնակազմի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ընթացքում անցկացվել են պաշտպանական մարտի նախապատրաստում և վարում, անցում հարձակման՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում: Զորավարժության, ինչպես նաև կորպուսի եռամսյակային աշխատանքներն ամփոփվել են հոկտեմբերի 25-ին:

• Հոկտեմբերի 24-ից 25-ը ՊԲ-ում ընթացող տեսչական ստուգումների շրջանակում անցկացվել են շտաբային համալիր մարզումներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի և ենթակա մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները:

• Հոկտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec ցուցահանդեսը հաջորդ անգամ կանցկացվի 2018 թվականին: Մինչ այդ՝ առաջին ցուցահանդեսի ընթացքում հայտնի է դարձել, որ հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ընկերության՝ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը զորային փորձարկումներ են անցնում հայկական զինված ուժերում, Հայաստանյան Aspar Arms ընկերությունն արդիականացնում է ՀՀ զինված ուժերում եղած М93 «Սև նետ» (Чёрная стрела) դիպուկահար հրացանները և վերացնում դրանց անհարմարությունները, գիշերային տեսանելիության սարքավորումներ արտադրող հայաստանյան Unicum ընկերության նշանոցները, հեռադիտակները և գիշերային տեսանելիության սարքերը ՀՀ ՊՆ հրամանով փորձարկումներ են անցնում զորքերում, բացի այդ էլ, Հայաստանում նախագծվել և հավաքվել են (արտադրվել են) ռադիոէլեկտրոնային պայքարի «Ամպրոպ» և «Մանուշակ» կայաններ, որոնցից առաջինը մասնակցել է Ապրիլյան պատերազմին:

«Լյուբավա-Արմենիա» ընկերության ջերմաքողարկիչ ցանցով ծածկված Տ-72 տանկը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

«Լյուբավա-Արմենիա» ընկերության ջերմաքողարկիչ ցանցով ծածկված Տ-72 տանկը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

• Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում անցկացվել է դռնփակ քննարկում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտեցումներին առնչվող հարցեր:

• Հոկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներին և նրանց է ներկայացրել շփման գծի իրավիճակը: Տարածաշրջանային այցից հետո համանախագահները հայտարարություն են տարածել այցի արդյունքների վերաբերյալ:

• Հոկտեմբերի 26-ին և 28-ին Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի և Իրանի դեսպաններին, քննարկել ռազմական ոլորտի համագործակցության հարցեր:

• Հոկտեմբերի 25-26-ին ՀՀ ԶՈւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների 23-րդ համաժողովին:

• Հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Լրացման համաձայն՝ ընտանիքի անդամ են համարվելու նաև զինծառայողների հետ նույն բնակարանում չբնակվող ծնողները։

• Կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում որոշվել է ՀՀ ԱԱԾ֊ին հատկացնել 9,2 մլն դրամ՝ ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահների և նրանց գույքի՝ երկաթուղով իրականացվող միջպե­տա­կան ռազմական փոխադրումների համար:

• Հոկտեմբերի 21-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի տանող ավտոմայրուղում «Կամազ» մակնիշի զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է Վրաստանի ԶՈւ զինծառայող Հակոբ Մալխասյանը, ով ծնունդով Նինոծմինդայից էր:

• Հոկտեմբերի 26-ին ԱՊՀ 7 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, անցկացրել են ՀՕՊ համատեղ զորավարժություններ, որոնց ներգրավված էին 130 հրամանատարական կետեր և մոտ 100 մարտական ինքնաթիռներ։

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

• Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ավարտվել է մեկշաբաթյա ստուգումը, որին մասնակցել են ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումները: Ստուգման ընթացքում անցկացվել է նաև գումարտակային երկկողմանի զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների, ավիացիայի մասնակցությամբ:

Հայաստանի նախորդ ռազմաշաբաթն այստեղ:

Տարածաշրջանի ընթացիկ ռազմաշաբաթն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *