Թուրքիայի զինուժը Սիրիայում կշարժվի ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ

Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կշարունակի Մանբիջի և ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ, իսկ ներկայում շարժվում է դեպի Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ քաղաք, որտեղից «Իսլամական պետությունը» շուտով ամբողջովին դուրս կգա։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործալությունը:

Հոկտեմբերի 28-ին «Անադոլու» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին, հայտնում է, որ 24 ժամվա ընթացքում «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի հյուսիսում ոչնչացվել է  ԻՊ 127 և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) 8 թիրախ։

Թուրքիայի աջակցությամբ գործող տեղացի թուրքմենները այս պահին հարձակումներ են գործում Հալեպի հյուսիսում գտնվող, 2014 թվականից ԻՊ վերահսկողության տակ անցած Թալ-Ջիջան, Աբլահ և Դուվեյր բնակավայրերի վրա։ Թուրքմեն զինյալներից 8-ը սպանվել են, 34-ը վիրավորվել։

Ըստ գլխավոր շտաբի՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքում «ազատագրվել է» 164 բնակավայր, իրենց վերահսկողության տակ է 1305 քկմ տարածք։

Սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահը «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքը գրավելու գործողությանը մասնակցելու դիմաց ԱՄՆ-ից պահանջել էր գործողությունից դուրս թողնել Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG): Թուրքիայի նախագահը վստահեցրել էր, որ Ռաքքայի գրավման գործողության համար լիովին բավական են տեղացի թուրքմենները։:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, Սիրիայի կառավարական զորքերը առաջին անգամ հարվածել էին Հալեպից հյուսիս ընկած Էլ-Բաբ բնակավայր շարժվող, թուրքական զինուժի աջակցությամբ գործող տեղացի թուրքմեններին։ Ուղղաթիռի հարվածից սպանվել էր 3 թուրքմեն, վիրավորվել՝ 13-ը։

Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի զինուժը սկսել էր Սիրիայի թուրքմենների օգնությամբ Էլ–Բաբ բնակավայրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից «մաքրելու» գործողությունը։

Հիշեցնենք նաև, որ 2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:

2 responses to “Թուրքիայի զինուժը Սիրիայում կշարժվի ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ

  1. Pingback: ԱՄՆ զրահապատ մեքենաներ է ուղարկել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորմանը | Ռազմ.info

  2. Pingback: ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Թուրքիայում քննարկել է Սիրիայում ԻՊ դեմ պայքարը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *