Իրավիճակը Սիրիայում. հրադադարի 1-ին օրը

ՄԱԿ-ի և Արաբական Լիգայի ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի միջնորդությամբ Սիրիայում հաստատված հրադադարն այսօր առավոտան աղոթքից հետո ուժի մեջ է մտել:

19-ամսյա հակամարտության մեջ սա առաջին օրն է, երբ ապստամբներն ու կառավարությունը հրադադար են սահմանել: CNN-ը հաղորդում է, որ շատ տեղերում այն պահպանվում է:

Պետական հեռուստատեսությունը ցուցադրել է, թե ինչպես է Բաշար ալ-Ասադը առավոտյան Դամասկոսի մզկիթում աղոթում և զրուցում ներկաների հետ: Հեռուստատեսությունը նաև ցուցադրել է բանտից ազատ արձակվող մարդկանց, որոնց Ասադը ներում է շնորհել:

Գարդիանը տեղեկացնում է, որ ապստամբները Հալեպում բողոքի ցույցեր են կազմակերպել, որին մասնակցել է Հալեպում գործող Սիրիայի ազատ բանակի հրամանատար, գնդապետ Աբդուլ-Ջաբար Մուհամմեդ Աքիդին:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական բանակը և ապստամբները հինգշաբթի օրը հայտարարել են, որ պատրաստվում են հետևել ժամանակավոր հրադադարի ռեժիմին, բայց երկու կողմերն էլ վերապահումներ են արել` իրենց դեմ ուղված ռազմական գործողություններին պատասխանելու պայմանով: Սիրիայի մահմեդական ծայրահեղ խմբավորումները հայտարարել են, որ հրադադարին չեն հետևելու և շարունակելու են պայքարը:

Հալեպի բնակիչները թերահավատությամբ են վերաբերվում հրադադարին. ոմանք այն օգտագործել են պատերազմի գոտու իրենց տները վերադառնալու և այնտեղ թողած ունեցվածքը վերցնելու համար:

ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը ողջունել է Բրահիմիի նախաձեռնությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի խոսնակն ասել են, որ «աշխարհը հիմա հետևում է, թե երկու կողմերը ինչպես կկատարեն իրենց ստանձնած պարտավորությունը»:

Իր հերթին` Բրահիմին, կարևորելով ժամանակավոր հրադադրի նշանակությունը, ասել է. «Եթե մենք այս փոքր նախաձեռնությամբ հաջողության հասնենք, ապա կարող ենք ավելի տևական հրադադար ապահովել»: Նա հայտնել է նաև, որ հրադադարը կարող է երկխոսության քաղաքական դաշտ ստեղծել, և օգնություն ապահովել Հալեպին, Հոմսին և Իդլիբին:

Սիրիայի դաշնակից Իրանը նույնպես ողջունել է հրադադարը` այն համարելով «գովասանքի արժանի դրական քայլ»: Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հույս է հայտնել, որ «մյուս կողմը, Սիրիայի կառավարության բարյացակամությանը պատշաճ պատասխան կտա և հարգելով հրադարը` Սիրիայում կայունության ճանապարհ կհարթի»:

ՄԱԿ-ի փախստակաների գործակալությունը հայտնել է, որ եթե հրադադարը պահպանվի, պատրաստ է օգնություն առաքել Սիրիայի նախկինում անհասանելի բնակավայրերում գտնվող հազարավոր ընտանիքներին:

Որոշ փորձագետներ կարծում են, որ հրադադարը տևական չի լինի: Վաշինգտոնի ստրատեգիական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի Միջին Արևելքի փորձագետ Արամ Նարգուզյանի կարծիքով «անմտություն է ընդհանուր հրադադար ակնկալելը»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *