Ապրիլյան պատերազմին թշնամու կապը խլացրել են Հայաստանում հավաքված ՌԷՊ կայաններ

Հայաստանում նախագծվել և հավաքվել են (արտադրվել են) ռադիոէլեկտրոնային պայքարի «Ամպրոպ» և «Մանուշակ» կայաններ, որոնցից առաջինը մասնակցել է Ապրիլյան պատերազմին, իսկ երկրորդը կատարելագործվել ու ներկայացվել է պատերազմից հետո:

ՌԷՊ երկու կայանները ներկայացվել են Երևանում անցկացված ArmHiTec ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

Հայաստանում հավաքված ՌԷՊ կայաններ. ձախից՝ «Մանուշակ», խորքում՝ «Ամպրոպ», աջից՝ «Մորտիրա»

Հայաստանում հավաքված ՌԷՊ կայաններ. ձախից՝ «Մանուշակ», խորքում՝ «Ամպրոպ», աջից՝ «Մորտիրա»

Կայանների մասնագետը Ռազմինֆոյի հետ զրույցում նշել է, որ «Ամպրոպն» ու «Մանուշակը» նախատեսված են հակառակորդի ռադիոկապի ճնշման համար և աշխատում են գերկարճալիք տիրույթում՝ 20-520 մեգահերց հաճախականային տիրույթում:

Մասնագետի խոսքով՝ ՌԷՊ կայանը հավաքել են խորհրդային ՄՏԼԲՈւ զրահապատ թրթուռավոր մեքենայի բազայի վրա: Կայանի անտենան, ներսի կահավորումը՝ աշխատանքային համակագիչները, օդափոխիչները և այլ տեխնիկան հավաքվել են Հայաստանում:

Կայանը հետախուզում է թշնամու ռադիոկապի ազդանշանները 20-520 մեգահերց հաճախություններում և ճնշում-խլացնում է դրանք:  Կայանը միաժամանակ ճնշում է մինչև 10 հաճախականություն:

— Եթե, օրինակ, [հակառակորդն] աշխատում է 30 մեգահերց հաճախությունում, կայանը հայտնաբերում է այդ հաճախությունը և ճնշում այն: Կայանն աշխատում է լրիվ մարտավարական օղակում, մինչև 40 կմ հեռավորության վրա կապը հետախուզելու և մինչև 30 կմ ճնշելու հնարավորություն ունենք, — մանրամասնել է կայանի մասնագետը:

Կայանն աշխատում է երկու տարբերակով՝ ճնշում է ինչպես ֆիքսված հաճախությունները, այնպես էլ աշխատանքային հաճախությունների ծրագրային փոփոխության ռեժիմով ռադիոկապը (ППРЧ, FHSS):  Վերջինի դեպքում եթե հակառակորդը սկսում է «ցատկեր անել» ռադիոհաճախություններով, կայանը հետախուզում է ամբողջ տիրույթը, հաշվարկում-որոշում է ցատկերի հաջորդականությունը և ճնշում է այդ հաճախությունները:

[Ձախից] «Ամպրոպ» և «Մանուշակ» ՌԷՊ կայանները՝ հավաքված ՄՏԼԲՈւ զրահապատ մեքենայի բազայի վրա

[Ձախից] «Ամպրոպ» և «Մանուշակ» ՌԷՊ կայանները՝ հավաքված ՄՏԼԲՈւ զրահապատ մեքենայի բազայի վրա

Կայանի մասնագետի խոսքով՝ «Ամպրոպն» ունի կարևոր առավելություն. այն չի ճնշում յուրային կողմի ռադիոկապի հաճախությունները: Այսինքն, հակառակորդի ռադիոկապը հետախուզելիս և ճնշելիս ՌԷՊ կայանը բաց է թողնում այն հաճախությունները, որոնք օգտագործվում են հայկական կողմի ռադիոկապի համար, և հայկական կողմի կապը չի խափանվում: Նախկինում կայանը բաց էր թողնում նախապես տրված 4 «հայկական» հաճախություն, իսկ կատարելագործումից հետո՝ 7 նման հաճախություն:

— Կայանն առաջին շահագործումն ունեցել է Ապրիլյան պատերազմին և հաջող կատարել է իր առջև դրված խնդիրը, — նշել է Ռազմինֆոյի զրուցակիցը:

Հայաստանում հավաքված «Մանուշակ» ՌԷՊ կայանը՝ ամբողջ հասակով

Հայաստանում հավաքված «Մանուշակ» ՌԷՊ կայանը՝ ամբողջ հասակով

ՌԷՊ կայաններից մյուսը՝ «Մանուշակը» պատրաստվել է պատերազմից հետո, սակայն ըստ մեր զրուցակցի՝ կարելի է ասել, որ նույնպես մասնակցել է պատերազմին, քանի որ նույն սկզբունքով է աշխատում, ինչ «Ամպրոպը»:

— Օպերացիոն համակարգը լրիվ նույնն է, ուղղակի կա տարբերություն արդիականացման մեջ, անտենան տեղադրված է մեջտեղում և այլն, բայց աշխատանքի ամբողջ գործողությունը նույնն է, — «Մանուշակ» կայանի մասին նշել է կայանների մասնագետը:

Կայաններին կից ներկայացված տեղեկատվական ցուցանակների համաձայն՝ ի տարբերություն «Ամպրոպ» կայանի՝ «Մանուշակը» միաժամանակ կարող է ճնշել մինչև 4 հաճախություն: Սակայն այն բացազատվում է երկու անգամ ավելի արագ:

Նշված երկու կայանների կողքին ներկայացված էր նաև ՈւԱԶ մեքենայի մեջ հավաքված «Մորտիրա» կայանը, որն իր հերթին նախատեսված է թշնամու ռադիոկապի ճնշման և ապակողմնորոշման համար:

— Կայանը նախատեսված է գերկարճալիք տիրույթում ռադիոցանցերում աղմուկների ստեղծման և ապատեղեկատվության հաղորդման համար, 25-2600 ՄՀց հաճախություններում, — Ռազմինֆոյի հետ զրույցում մանրամասնել է կայանների մասնագետը:

Այս կայանի դեպքում նույնպես ունեցած մեքենայի վրա Հայաստանում հավաքել են անտենան, համակարգիչները, այլ սարքավորումները և պատրաստել են ամբողջական կայան:

«Մորտիրա» կայանը՝ հավաքված ՈւԱԶ մեքենայի բազայի վրա

«Մորտիրա» կայանը՝ հավաքված ՈւԱԶ մեքենայի բազայի վրա

Մասնագետի խոսքով՝ հակառակորդը կարող է հայտնաբերել, թե որտեղից է ազդանշանը գալիս և իմանալ, որ ազդանշանը հայկական կողմն է ուղարկում, բայց քանի որ կայանները շարժական են, դրանք կարող են արագ կատարել իրենց աշխատանքն ու հեռանալ՝ թույլ չտալով, որ հակառակորդը հասցնի հետախուզել ազդանշանը:

— [Ապրիլյան պատերազմին] «Մորտիրան» միանշանակ կիրառվել է, կիրառվում է առ այսօր, շատ էֆեկտիվ իր գործողությունը կատարում է, — Ռազմինֆոյի հետ զրույցում նշել է կայանների մասնագետը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *