Թուրքիան շարունակում է քրդերի դեմ գործողությունները Սիրիայում

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում շարունակվող «Եփրատի վահան» գործողության շրջանականերում միաժամանակ գործողություններ են վարում «Իսլամական պետության» և Սիրիայի քրդերի դեմ: Թուրքական «Դողան» գործակալության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-25-ին թուրքական ուժերը Սիրիայում հարվածել են ԻՊ 72 և քրդերի 15 դիրքերի:

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունն իր հերթին հայտնում է, որ քրդական ուժերը Սիրիայի տարածքում անցել են «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման դեմ հարձակման: Նշենք, որ խմբավորման մասին խոսելիս թուրքական կողմն ի նկատի ունի հիմնականում Սիրիայի թուրքմեններից բաղկացած զինյալներին, որոնք գործում են թուրքական զինուժի աջակցությամբ:

Միաժամանակ թուրքական գործակալությունը հայտնում է, որ թուրքական զինուժի և հովանավորյալ խմբավորումների հիմնական խնդիրը պահպանվում է. այն է՝ թույլ չտալ, որպեսզի Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Քոբանիից մինչև Մանբիջ, և հյուսիս-արևմուտքում՝ Աֆրինի շրջանում տեղակայված քրդերը միավորվեն:

Քրդական ANF գործակալությունը ևս հայտնում է, որ քրդական ուժերն անցել են հարձակման: Նշվում է, որ հարձակումը թուրքական զինուժի կողմից խաղաղ քրդերին սպանելու և քրդական ուժերի դեմ ցամաքային ու օդային գործողությունների պատասխանն է: Հոկտեմբերի 24-ին քրդական ուժերը կարողացել են սպանել Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող:

Հիշեցնենք նաև, որ 2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն իրականում Թուրքիան սկսել է իրականացնել Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու իր նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու՝ հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան տարածքների միավորումը բացառելն է:

Հոկտեմբերի 20-ին թուրքական կողմը հայտնել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հալեպի հյուսիսում տեղակայված մի շարք բնակավայրեր: Թուրքական օդուժը 26 ռումբ է նետել քրդերի վերահսկողության տակ գտնվող 18 թիրախի ուղղությամբ, ոչնչացրել քրդերի 1 զրահամեքենա, որպես պահեստարան օգտագործվող 9 շենք և այլ շենքեր:

Սակայն ավելի ուշ Սիրիայի իշխանությունները հայտարարեցին, որ ռմբակոծությունների հետևանքով խաղաղ քուրդ բնակիչներ են զոհվել:

One response to “Թուրքիան շարունակում է քրդերի դեմ գործողությունները Սիրիայում

  1. Pingback: Թուրքական զինուժը կրկին հարվածել է Իրաքում և Սիրիայում քրդերի դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *