Թուրքիան հայտարարում է Մոսուլի ազատագրմանը մասնակցելու մասին, Իրաքը՝ հերքում

Իրաքյան Քրդստանի Փեշմերգե զորամիավորման խնդրանքով Իրաքի Բեշիքայի ռազմաբազայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զորախումբը տանկերով, «Ֆըրթընա» հաուբիցներով և հրետանիով աջակցում է Բեշիքա բնակավայրը ԻՊ մարտիկներից մաքրելու գործողությանը։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ մեջբերելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին։ Բեշիքան գտնվում է Նինվե նահանգում՝ Մոսուլ քաղաքից 12 կմ հյուսիս֊արևելք։

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Թուրքիայի վարչապետի փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը կմասնակցեն նաև բուն Մոսուլի քաղաքի ազատագրման գործողությանը․ այդ հարցը արդեն համաձայնեցվել է համապատասխան կողմերի հետ։

Իսկ ցամաքային գործողություններին, ըստ վարչապետի, մասնակցում են ինչպես Իրաքի կառավարական բանակի և Փեշմերգեի մարտիկներ, այնպես էլ Բեշիքայի ռազմաբազայում՝ թուրք զինծառայողների կողմից մարզված «Նինվեի պաշտպանները»։

Ավելի ուշ՝ հոկտեմբերի 24֊ին, ինչպես փոխանցում է իրաքյան AlSumaria լրատվակայքը՝  Իրաքի կառավարական բանակի հրամանատարությունը ևս մեկ անգամ հերքել է Թուրքիայի զինուժի որևէ տեսակի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը, մասնավորապես Նինվեի նահանգում։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին, Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հեռուստատեսությամբ հայտարարել էր, «Իսլամական պետությունից» երկրի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 9-ին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել էր Իրաքի Բեշիքա բնակավայրում «Գեդու» ռազմաբազայի վրա, որտեղ տեղակայված թուրք զինվորականները մարզում են քուրդ կամավորների։

Իրաքի Բեշիքայի շրջանում Թուրքիան զինուժ տեղակայել է 2015թ. դեկտեմբերից: Քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերին մարզելու պատրվակով՝ այստեղ է տեղակայվել հատուկջոկատայինների գումարտակ, ինչպես նաև տանկեր՝ առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների կարծիքը հաշվի առնելու։

2 responses to “Թուրքիան հայտարարում է Մոսուլի ազատագրմանը մասնակցելու մասին, Իրաքը՝ հերքում

  1. Pingback: Թուրքիայի ՌՕՈւ 4 F-16 մասնակցում է Մոսուլի գործողությանը. Թուրքիայի ԱԳՆ | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *