Պետք է պատրաստ լինենք ինչպես հակահարված հասցնելու, այնպես էլ պատժիչ միջոցառումներին․ Վ․Սարգսյան

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն, ով այժմ Արցախում է, «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հեռուստակամրջի միջոցով հայտնեց, որ հայկական կողմն ակնկալում էր և պատրաստ էր հակառակորդի՝ նախօրեին կատարված դիվերսիոն ներթափանցումների փորձերին։

— Պետք է ասեմ, որ մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա, որովհետև մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի շատ հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք, և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստականության մասին։

Դիվերսիաների և ադրբեջանական կողմի վարքի վերաբերյալ նախարարը հիշեցրեց Իսրայելի նախկին վարչապետներից Գոլդա Մեիրի խոսքերը, որ նման ոտնձգությունները շարունակվելու են այնքան ժամանակ, «մինչև նրանք չսկսեն սիրել իրենց զավակներին ավելի շատ, քան ատում են մեր զավակներին»։

— Հետևաբար մենք մշտապես պետք է պատրաստ լինենք արձագանքելու․ արձագանքելու ինչպես հակահարված հասցնելու, այնպես էլ պատժիչ միջոցառումներով այդպիսի փորձերի ցանկությունը կանխելու տեսակետից, — նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 20-ի ուշ երեկոյան, Արցախի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիայի փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *