ՀՀ ԶՈւ տանկերը կարդիականացվեն Հայաստանում

Հայկական զինված ուժերի Տ-72 տանկերը կարդիականացվեն մինչև ռուսաստանյան Տ-72Բ3 մակարդակի՝ օգտագործելով տեղի նորոգման և արդիականմացման հնարավորությունները: Այս մասին հոկտեմբերի 21-ին Razm.info-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտնել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը:

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում

Գնդապետ Գաբրիելյանը մասնավորապես նշել է. «Մեր հիմնական նպատակը տանկերի արդիականացումն է մինչև Տ-72Բ3 մակարդակի: Որոշ աշխատանքներ նախատեսում ենք իրականացնել մեր ուժերով, որոշներն իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համագործակցությամբ: Պայմանագրերի և համաձայնագրերի համաձայն մենք ձեռք կբերենք նորագույն համակարգեր և միջոցներ, սակայն բոլոր աշխատանքները կիրականացնենք Հայաստանի տարածքում: Այդպես անհամեմատ ավելի քիչ ծախսատար կլինի, քան Ռուսաստանի տարածքում արդիականացնելը: Մենք ունենք համապատասխան տեխնիկական և գիտական բազա: Որպես օրինակ նշեմ, որ տանկերի ջերմացույցները կարտադրվեն Հայաստանում:

Գնդապետ Գաբրելյանը հայտնել է, որ Հայաստանում արդիականացվող տանկերի վրա հնարավոր է տեղադրվի դինամիկ պաշտպանության այլ համակարգ:

«Կլինի դա «Կոնտակտ-5», թե՞ «Ռելիկտ», որը ավելի կատարելագործված համակարգ է, սակայն ավելի թանկ արժի, դեռևս հայտնի չէ», — նշել է գնդապետ Գաբրիելյանը:

Գնդապետ Զորայր Գաբրիելյանը և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, անցկացված մամուլի ասուլիսին խոսել են նաև ՀՀ ԶՈւ զրահատանկային և հրթիռահրետանային զորքերի հնարավորությունների մասին, ներկայացրել վերջիններիս դերը Ապրիլյան պատերազմի ընթացքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *