Ավարտվել է Իրանի ՌՕՈւ եռօրյա զորավարժությունը

Հոկտեմբերի 19-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ավարտվել է «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ 6» զորավարժությունը, որի եզրափակիչ օրը կիրառվել են նաև կառավարվող հրթիռներ: Այս մասին հայտնում է իրանական Press TV լրատվական գործակալությունը:

Իրանի ռազմօդային ուժերի F-4 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռները զորավարժության ժամանակ

Իրանի ռազմօդային ուժերի F-4 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռները զորավարժության ժամանակ

Զորավարժության ընթացքում Boeing-747 ինքնաթիռներով  լիցքավորվել է 4 միավոր F-4 կործանիչ, որոնցով   արձակվել են իրանական Nasr և ամերիկյան  Maverick մարտավարական հրթիռներ:

Հաղորդակցության ապահովման, հետախուզության և թիրախի ոչնչացման համար կիրառվել են անօդաչու թռչող սարքեր: Փոխանցում է Իրանի ՌՕՈւ կայքը:

Զորավարժությունների ընթացքում կատարվել են նաև լարային և ոչ լարային կապի ցանցերի պաշտպանության գործողություններ:

«Ֆադաեյան է հարիմ է վելայաթ 6» զորավարժությունը մեկնարկել էր հոկտեմբերի 17-ին: Զորավարժության հիմնական նպատակը իրանական արտադրության  ռումբերի՝ թիրախները խոցելու ճշգրտությունը ստուգելն էր:

Զորավարժությանը ներգրավված էին խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև  իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Իրանի ՌՕՈւ նույնանուն նախորդ՝ «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ 5» զորավարժությունը անցկացվել է 2015թ. սեպտեմբերին:

1 2