ՀՀ ՊՆ պատվերով Aspar Arms ընկերությունն արդիականացնում է «Սև նետ» դիպուկահար հրացանը

Հայաստանյան Aspar Arms ընկերությունն արդիականացնում է ՀՀ զինված ուժերում եղած М93 «Սև նետ» (Чёрная стрела) դիպուկահար հրացանները և վերացնում դրանց անհարմարությունները: Աշխատանքները կատարվում են ՀՀ Պն պատվերով: Այս մասին ընկերության ներկայացուցիչները Ռազմինֆոյին հայտնել են ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ:

«Սև նետ» դիպուկահար հրացանի՝ Aspar Arms-ի արդիականացրած տարբերակը (վերևից) և բազային տարբերակը

«Սև նետ» դիպուկահար հրացանի՝ Aspar Arms-ի արդիականացրած տարբերակը (վերևից) և բազային տարբերակը

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և Aspar Arms ընկերության արդիականացրած «Սև նետը»

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը և Aspar Arms ընկերության արդիականացրած «Սև նետը»

Ընկերության մասնագետները դիպուկահար հրացանի վրա դրել են խլացուցիչ, բազային օպտիկական նշանոցի փոխարեն «դրվել է ավելի լավ օպտիկական նշանոց» (ընկերության ինֆորմացիոն թերթիկում նշված է իտալական Konus Pro F30 8-32×56 նշանոցը): Փոխվել և ծալովի է դարձել նաև զենքի խզակոթը:

Ընկերության ներկայացուցիչները զենքի վրա դրել են նաև Պիկատինիի երկար շերտաձող, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի զենքի վրա ավելացնել նաև գիշերային տեսանելիության սարք:

Aspar Arms ընկերության մասնագետները զենքին ավելացրել են ևս մեկ ոտնակ, որպեսզի զենքը կանգնի իր երեք ոտնակների վրա, ոչ թե հենվի փողի և երկու ոտնակների վրա:

Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ՊՆ-ի հետ այս ուղղությամբ համագործակցում են արդեն երրորդ տարին, և արդիականացված դիպուկահար հրացաններն արդեն ուղարկվել են զորքեր:

Հայկական Aspar Arms ընկերության AS-300 «անձայն» հրացանը

Հայկական Aspar Arms ընկերության AS-300 «անձայն» հրացանը

Բացի դրանից, ըստ ընկերության ներկայացուցչի, ՀՀ ՊՆ հետ համագործակցության շրջանակներում Aspar Arms-ը ՀՀ ԶՈւ հատուկ ստորաբաժանումներին «անձայն» կրակող AS-300 / AS-300B ավտոմատներ են մատակարարել՝ քիչ քանակությամբ:

Այս ավտոմատները պատրաստված են Կալաշնիկովի ավտոմատի փակաղակային մեխանիզմի օգտագործմամբ, սակայն դրանց վրա փոխված են փողը, խզակոթը, այլ դետալներ, և զենքը կրակում է այլ փամփուշտ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս ավտոմատը նախատեսված է ոչ թե համազորային, այլ հատուկ ստորաբաժանումներում կիրառման համար:

Հայկական Aspar Arms ընկերության արտադրանքի մի մասը՝ ներկայացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

Հայկական Aspar Arms ընկերության արտադրանքի մի մասը՝ ներկայացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

Սրանցից բացի, ArmHiTec ցուցահանդեսի տաղավարում ընկերությունը ներկայացրել էր նաև մեխանիկական վերալիցքավորմամբ ASR-300 դիպուկահար հրացանը: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ այս հրացանի ճշգրտությունը շատ բարձր է, և 100 մետրի վրա գնդակի առավելագույն շեղումը 2,5-3 սմ է: Դիպուկահար հրացանը ներկայացված է մշտական և հանովի խլացուցիչներով տարբերակներով: Այս զինատեսակից ևս մի քանի հատ ուղարկվել է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ:

Հիշեցնենք, որ դեռևս 2015-ին հայտնի էր դարձել, որ Aspar Arms ընկերությունը 2012 թվականից կատարել է մարտական զենքի արտադրության 83,5 մլն դրամի պայմանագրային աշխատանքներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *