Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ կանեն Ադրբեջանում

Հոկտեմբերի 18–ին Իրանի ռազմածովային ուժերի 2 նավ՝ «Դամավանդ» էսկադրային ականակիրը և «Ջոշան» հրթիռային նավը, եռօրյա այցով ժամանելու են Բաքվի նավահանգիստ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտնում են Ադրբեջանի ՊՆ կայքում: 

Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» էսմինեցը

Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» էսմինեցը

Համաձայն աղբյուրի՝ պատվիրակությունը գլխավորելու է Իրանի ՌԾՈւ 1-ին աստիճանի կապիտան (գնդապետ) Աբդուլհուսեյն Զաֆարին: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարության հետ, այց Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոց և այլն: Այցը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 21-ը:

Համաձայն իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության՝ այցի ընթացքում  Իրանի ռազմանավերը և Ադրբեջանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնելու:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, իրանական նավերի՝  Ադրբեջան այցի մասին հայտնել էր Իրանի ՌԾՈւ դերծովակալ Աֆշին Ռեզաին, նշելով , որը պատվիրակության կազմում ընդգրկված է ռազմածովային ուժերի շուրջ 200 զինծառայող:

«Այցի հիմնական նպատակն է ցույց տալ, որ Իրանը ջանքեր է գործադրում Կասպից ծովում անվտանգության ամրապնդման համար»,-հայտարարել էր դերծովակալը: Նա նաև նշել է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Իրանը շարունակելու է նմանատիպ ընկերական այցերը Կասպից ծովի այլ նավահանգիստներ, բացի այդ նախատեսվում է նաև այլ երկրների նավերի այց Կասպից ծովի իրանական ափեր:

Հիշեցնենք, որ Իրանի ՌԾՈւ նավերը 2015-ին հոկտեմբերին այցելել են նաև Կասպից ծովի ռուսաստանյան ափ և ՌԴ ռազմածովային ուժերի հետ համատեղ իրականցրել են զորավարժություններ:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսին իրենց հերթին նմանատիպ այցով Իրանում են եղել Ռուսաստանի կասպյան նավատորմի ռազմանավերը: Այցելության ընթացքում ռուսաստանյան և իրանյան ռազմանավերն անցկացրել են համատեղ զորավարժություն, որին մասնակցել են 200 իրանցի և 150 ռուսաստանցի զինծառայողներ: Դա ռուսաստանյան ռազմանավերի արդեն երրորդ այցելությունն էր Իրան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *