Ռուսաստանը Իրանի հետ «Սու» կործանիչներ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ չի վարում: Այս մասին ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ըստ Ֆոմինի՝ հնարավոր է, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանից կործանիչներ գնել, սակայն առայժմ, Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով, դա հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ փետրվարին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանի հետ Սու-30 կործանիչների ձեռքբերման պայմանագիր ստորագրել: Նախարարը չէր հստակեցրել կործանիչների քանակը և հնարավոր գնման ժամկետները, բայց նշել էր, որ իրենք քննարկելու են նաև կործանիչների արտադրության գործընթացին ներգրավվելու հնարավորությունը:
Նշենք, որ ՄԱԿ-ը 2010 թվականին ընդլայնել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որով արգելվել է որոշ զինատեսակների մատակարարումը Իսլամական Հանրապետությանը:
2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը և սկսեց Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումը:
Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ավարտել է պայմանագրով նախատեսված համակարգերի մատակարարումը Իրանին: