ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում հարգել Իրաքի ինքնիշխանությունը

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, պատասխանելով Իրաքում թուրքական զինուժի տեղակայման վերաբերյալ հարցին, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Թուրքիան իր բոլոր գործողությունները պետք է համաձայնեցնի Իրաքի օրինական ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության կայքը:

Թոները նշել է, որ իրենք կարևորում են Թուրքիայի մասնակցությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, սակայն Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը և գործողությունները կոորդինացնի նրա հետ: Նա նշել է, որ բոլոր գործողություններն Իրաքի տարածքում պետք է իրականացվեն այդ երկրի իշխանության անմիջական ղեկավարությամբ:

Նշենք, որ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին Թուրքիայի խորհրդարանը 1 տարով (մինչև 2017 թ.հոկտեմբերի 30) երկարաձգեց  երկրի զինված ուժերի՝ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատը՝  Իրաքի խորհրդարանը ընդունեց Թուրքիայի այդ որոշումը դատապարտող բանաձև:

Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին զգուշացրեց Թուրքիային, որ եթե այդ երկրի իշխանությունները թուրքական զորքերը դուրս չբերեն Հյուսիսային Իրաքի տարածքից, դա կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի:

Հոկտեմբերի 6-ին, սակայն,  Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ թուրքական զորքերը շարունակելու են մնալ Հյուսիսային Իրաքում, ավելի կոնկրետ՝ Մոսուլի մոտ գտնվող  Բեշիքայի շրջանում:

Հոկտեմբերի 8-ին Իրաքի արտաքին գործերի նախարարությունը դիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` քննարկելու Իրաքի հյուսիսում թուրքական զինուժի ներկայության և Իրաքի ներքին գործերին միջամտության հարցը:

Սակայն հոկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ հղեց Իրաքի վարչապետին՝ հայտարարելով, որ նա իրավունք չունի Թուրքիային ասել՝ ինչ պետք է անի, ու որ թուրքական զինուժը շարունակելու է մնալ Իրաքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *