Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին

Ռուսաստանն ավարտել է պայմանագրով նախատեսված Ս-300 համակարգերի մատակարարումը Իրանին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին  Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների հայկական ArmHiTec-2016  ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:

Ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ֆոմինը հայտնել է, որ Ռուսաստանը մատակարարել է բոլոր դիվիզիոնները, սակայն այլ մանրամասներ չի նշել:

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Իրանը և Ռուսաստանը 5 դիվիզիոն Ս-300 զենիթահրթիռային համակարգերի գնման 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը կնքվել են 2007-ին:  Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը չեղյալ հայտարարեց պայմանագիրը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից:

Այնուամենայնիվ, 2015-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց՝ Իրանին Ս-300 վաճառելու արգելքը հանելու վերաբերյալ և նույն տարվա նոյեմբերից պայմանագիրը դարձյալ ուժի մեջ մտավ:

Իսկ օգոստոսին ՌԴ ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Իրանն արդեն ստացել է պայմանագրով նախատեսված Ս-300 ԶՀՀ-ների կեսը:

Մատակարարված Ս-300 ԶՀՀ-ները Իրանը ցուցադրել է   սեպտեմբերի 21-ին` իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի շրջանակներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *