Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

Հոկտեմբերի 10-ին  Իրանի հյուսիսարևմտյան Քուրդիստան նահանգի  Մարիվանի շրջանի  Գոլչինար գյուղի մոտ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական խումբ է վնասազերծել: Այս մասին հայտնում է իրանական «Իռնա» լրատվական գործակալությունը:

Իրանական Press TV լրատվական գործակալությունը, հղում անելով Քուրդիստան նահանգի ԻՀՊԿ  հրամանատար Մոհամմադ Հոսեյն Ռաջաբիին, հայտնում է, որ  ահաբեկիչները  եղել են PJAK-ի (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն»)  անդամներ և  վնասազերծվել են իրաք-իրանյան  սահմանը հատել փորձելիս:

PJAK-ի զինյալներ

PJAK-ի զինյալներ

Ահաբեկիչները կիրառել են  ՌՊԳ-7 տիպի նռնակետ, սակայն անհաջողության մատնվելով ` դիմել են փախուստի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ` սեպտեմբերին, Իրանի հյուսիս-արևմուտքում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում Մարիվանի շրջանում Իրանի հետախուզության և անվտանգության ուժերը ձերբակալել էին  4 ահաբեկչի, որոնք Իրան էին եկել Իրաքի քրդական ինքնավարությունից և ծրագրում էին իրականացնել ահաբեկչական գործողություններ Իրանի տարբեր շրջաններում:

PJAK-ը Իրանում  ստեղծված  (2003թ) քրդական  կուսակցություն է: Ղեկավարվում է PKK-ի կողմից: Գործում է հիմնականում Իրանի Քուրդիստան,  Արևմտյան Ադրբեջան և Քերմանշահ նահանգներում:

PJAK-ի ռազմական թևը կոչվում է HRK (քրդ. Hêzên Rojhilata Kurdistan, «Արևելյան Քուրդիստանի ինքնապաշտպանություն»): Վերջինս  2004 թվականից Իրանում քրդական ազգային ինքնավարություն ստեղծելու համար  բախումների մեջ է իրանական  իշխանությունների հետ:

One response to “Իրանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

  1. Pingback: Իրանը զորավարժություններ է անցկացնում երկրի 14 նահանգում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *