Սահմանափակվելու են հարվածային ԱԹՍ-ների վաճառքը և օգտագործումը

Հոկտեմբերի 5-ին 45 երկիր ստորագրել են ԱՄՆ֊ի առաջարկած «Հարվածային անօդաչու թռչող սարքերի արտահանման և հետագա օգտագործման վերաբերյալ միացյալ հռչակագիրը», որով սարքերի վաճառքը կարգավորվելու է 5 նորմերով։ Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News պարբերականը։

Բրիտանական զինված ուժերի WK-450 Watchkeeper անօդաչու թռչող սարքը (պատրաստված է իսրայելական Hermes 450 ԱԹՍ-ի հիմքի վրա)

Բրիտանական զինված ուժերի WK-450 Watchkeeper անօդաչու թռչող սարքը (պատրաստված է իսրայելական Hermes 450 ԱԹՍ-ի հիմքի վրա)

Փաստաթղթի նորմերը ենթադրում են հետևել արտահանման բազմազգ վերահսկողության և չտարածման ռեժիմներին, ԱԹՍ֊ների կիրառման ժամանակ հաշվի նստել զինված հակամարտության և միջազգային հումանիտար իրավունքների օրենքների հետ, շարունակել քննարկել, թե ինչպես են պետությունները փոխանցելու և հետագայում «պատասխանատվությամբ» օգտագործելու նմանատիպ սարքավորումները։ 2017-ին երկրները հանդիպելու են՝ ավելի կոնկրետացնելու ստանդարտները։

Հռչակագիրը ստորագրել են ԱՄՆ-ն, Վրաստանը, Ուկրաինան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և այլ երկրներ։

Ստորագրածների թվում չեն Իսրայելը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Բրազիլիան։ Նշվում է, որ հատկապես դեմ են արտահայտվել Իսրայելը և Չինաստանը, որոնք այս ոլորտի խոշոր արտադրողներից են։

Փաստաթղթի մեջ նշված է, որ մարտական ԱԹՍ֊ների ոչ ճշգրիտ օգտագործումը կարող է «սնել հակամարտությունները և անկայունությունը», խթանել ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը․ միջազգային հանրությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկնել՝ ուղղված դրանց «պատասխանատու արտահանմանը» և հետագա օգտագործման գործընթացների թափանցիկությանը։

Նշենք, որ ԱՄՆ֊ն պարբերաբար ԱԹՍ֊ներ օգտագործում է Սիրիայում, Եմենում, Պակիստանում, Աֆղանստանում՝ ԻՊ, ալ֊Քաիդա և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *